Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կամ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ տեղյակ չե՞ն եղել անտառահատումներից․ բնապահպան |armtiems.com|
09:40 - 19 հուլիսի, 2019

Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կամ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ տեղյակ չե՞ն եղել անտառահատումներից․ բնապահպան |armtiems.com|

armtimes.com: Հուլիսի 17-ին Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Երեկոյան բախումներ էին սկսվել, երբ ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը:

Ըստ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտնած մանրամասների՝ միջադեպի ժամանակ ցուցարարները մահակներով, երկաթե ձողերով ու քարերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին։ Տասից ավելի անձ քերծվածքներով ու սալջարդերով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ապօրինի ծառահատումների խնդիրը նոր չէ, որ ի հայտ է եկել։ Հայաստանի տարբեր շրջաններում եւ, մասնավորապես, Տավուշի անտառներում տարիներ շարունակ տեղի է ունեցել զանգվածային ծառահատում, ինչը հիմնականում ծառայել է ոչ թե հասարակ քաղաքացիների կենցաղային խնդիրների լուծմանը՝ վառելանյութ, եւ այլն, այլ որպես խիստ շահութաբեր բիզնես։ Հեղափոխությունից հետո իշխանությունը սկսեց քայլեր ձեռնարկել արդյունաբերական նպատակով ծառահատումները դադարեցնելու ուղղությամբ: Նախօրեին իրավիճակը սրվեց․ տեղեկություններ կան նույնիսկ, որ բողոքի այս ակցիաների հետեւում կոնկրետ մարդիկ են կանգնած։

«Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ, աշխարհագետ Լեւոն Գալստյանը կարծում է, որ նմանատիպ խնդիրների հետեւում անպայման չէ ինչ-որ ուժեր տեսնել․ խնդիրը խորքային է եւ, իհարկե, գալիս է դեռ նախորդ իշխանությունների ժամանակներից։ Թեմայի շուրջ զրուցել ենք բնապահպանի հետ․

- Պարոն Գալստյան, պնդումներ կան, որ Իջեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ու միջադեպի հետեւում շատ կոնկրետ մարդիկ են կանգնած։ Դուք ի՞նչ եք կարծում, ի վերջո երբվանից է գալիս ապօրինի անտառահատումների խնդիրը եւ ինչի պատճառով իրավիճակը այսքան սրվեց՝ հասնելով ընդհուպ բախումների ու քրեական գործի։

- Կարծում եմ՝ երբ խնդրին նայում ենք միայն այն տեսանկյունից, որ դրա հետեւում անպայման ինչ-որ անձինք են, թացը չորի հետ խառնվում-գնում է։ Այն, որ անտառահատները, հատկապես Իջեւանում, ոչ մարդկային վերաբերմունք ունեն անտառը պաշտպանողների նկատմամբ, մենք վաղուց գիտենք, դեռեւս 2012 թվականից, դեպքեր են եղել, երբ մենք մոնիտորինգ էինք անում անտառներում, նույնիսկ ծեծել են մեր կամավորներին։

Հետո «Հայկական բնապահպանական ճակատը» դադարեցրեց մոնիտորինգը, որովետեւ հասկանցաք, որ խնդիրն արդեն բարձրացվել է եւ լուծումն այլ տեղում է, այդ ճանպարահն անիմաստ է։ Հիմա մենք գիտենք, ու բոլորը առաջ էլ, հիմա էլ գիտեն, որ դա, բացի կենցաղային նպատակներով ծառ կտրելուց նաեւ ցանցային համակարգ է, որը գործել է տարիներով։

Մենք նախորդ կառավարությունների օրոք էլ ենք դիմել, ասել ենք՝ պետք չէ պատժել ոչ անտառապետին, ոչ կտրողին, ոչ էլ նույնիսկ անտառտնտեսության տնօրենին, պատժել պետք է, այո, բայց իրենց դատելը համարել ենք սխալ, դրա համար միշտ աշխատել ենք այդ գործողությունները անելիս մեքենանները կամ մարդկանց դեմքերը չնկարել՝ հասկանալով, որ այդ մարդիկ գործիք են որոշակի համակարգի մեջ, այդ համակարգը ջարդելու համար պետք է կտրել գլուխը։

Ես չեմ արդարացնում ոչ բռնությունը, ոչ ապօրինի անտառահատումը, բայց խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո այս մեկ տարվա ընթացքում գաղափարախոսությունը չփոխվեց, էլի այն հին գործերից, որ կային 2016-ին, 2017-ին, հասնում էին մինչեւ անտառտնտեսության տնօրեն, կամ ինչ-որ բնապահպանական տնտեսության պետի կամ չգիտեմ ում։ Բնական հարց է առաջանում, կարծում եմ՝ ծառ կտրողների մոտ էլ է առաջանում այդ հարցը․ եթե իրենց շեֆերն անպատիժ են, իրենք գտնում են, որ կարող են շարունակել այդ գործը։

Հիմա հարց եմ տալիս․ իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կապ չի ունեցե՞լ դրա հետ, կամ որոշակի մարմիններից բարձրաստիճան պաշտոնյաներ տեղյակ չե՞ն եղել, բոլորը լսել են, գիտեն, թե տարբեր մարզերում ով ինչ է արել, ավելի բարձր օղակներն էլ են կապ ունեցել։ Նրանց մեծ մասը նույնիսկ շարունակում է պաշտոնավարել, Սեւանի մասին այսքան խոսակցություններ եղան, խոսվեց նաեւ այն մասին, որ սիգի ապօրինի վաճառքի մեջ ներգրավված է Սեւան ազգային պարկի տնօրենը, եւ ինքը դեռ պաշտոնավարում է։ Զարմանալի է, բնականաբար, վաղն էլ սիգ բռնողները կասեն՝ եթե դուք շեֆերին չեք բռնում, մենք էլ ճամփեքը կփակենք, որ սիգ բռնենք։ Կարծում եմ՝ պետք է համակարգային մոտենալ հարցին։

- Այս վերջին մեկ տարվա ընթացքում խնդրին համակարգային չե՞ն մոտենում։

- Մի տարվա ընթացքում, առնվազն բնապահպանական ոլորտի հետ կապված, կարող է սխալվում եմ, բայց ոչ մի նախարարության եւ այլ իրավասու մարմնի կողմից, որը կապ ունի ոլորտի հետ՝ հանքեր, ՀԷԿ-եր, Սեւան եւ այլն, եւ այլն, ոչ մի հանրային, բաց, մասնագիտական ու բազմակողմանի քննարկում չի նախաձեռնվել, չի կատարվել։ Թե ինչու չի արվել՝ չգիտեմ։

Այդ մարդիկ, որ ճամփա են փակել, բոլորն իրենց գիտեն, իրենց հետ կարելի էր այս մի տարվա ընթացքում հանդիպել, բացատրական աշխատանքներ անել, առաջարկներ անել, կարող է արվել են, բայց հանրային չի արվել, հանրությունը տեղյակ չէ, ու այդ մտայնությունը, որ եթե դու նախարարությունում ես, ամեն ինչ լավ ես մտածում, պիտի փոխել, պետք է փորձել բոլորի հետ քննարկելով լուծումներ գտնել։

Այդ մարդիկ շատ վատ բան են արել, բայց խնդիրը համալիր պիտի լուծվի։ Ցավոք սրտի՝ խնդրի մասին սկսում ենք խոսել, երբ այն գլուխ է բարձրացրել, երբ, օրինակ, նկարներ են տարածվում, որ հանքերը աղտոտում են, երբ Սեւանը կանաչում է եւ այլն։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել