Իտալական կողմը շահագրգռված է ՀՀ-ի հետ եղած գործնական կապերի խորացման հարցում. Իտալիայի դեսպան
13:27 - 06 հունիսի, 2019

Իտալական կողմը շահագրգռված է ՀՀ-ի հետ եղած գործնական կապերի խորացման հարցում. Իտալիայի դեսպան

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։

Նախարարությունից հայտնում են, որ փոխնախարար Տերտերյանը ողջունել է դեսպանին եւ շնորհակալություն հայտնել նրան հայ-իտալական միջպետական կապերի ամրապնդման ու երկու երկրների միջեւ փոխգործակցության խորացման գործում ունեցած ներդրման համար։

Իր հերթին դեսպան Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նկատել, որ իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ եղած գործնական կապերի խորացման հարցում, ինչի ապացույցն է առաջիկայում անցկացվելիք հայ-իտալական գործարար համաժողովը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 10-ին Երեւանում եւ հունիսի 11-ին Գյումրիում կայանալիք հայ-իտալական գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու միջոցառումների ծրագրի թեմատիկ տարբերակները։

Համաժողովին կմասնակցեն իտալական 14 կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են թափոնների կառավարման, էներգետիկայի, ճանապարհաշինության, քաղաքաշինության, սմարտ քաղաքների տեխնոլոգիաների ոլորտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել