Իրականացվում է փորձաքննություն ճշտելու՝ արդյոք Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները համապատասխանում են կալանքից ազատելու հիվանդությունների ցանկին․ Արտակ Զեյնալյան
15:49 - 03 ապրիլի, 2019

Իրականացվում է փորձաքննություն ճշտելու՝ արդյոք Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները համապատասխանում են կալանքից ազատելու հիվանդությունների ցանկին․ Արտակ Զեյնալյան

 |tert.am|։ Կալանքի իրավակիրառ պրակտիկայի ակնհայտ բարելավում ունենք, սակայն այն չենք կարող սահմանադրական և կոնվենցիոն նորմերին մաքսիմալ բավարար համարել, Քննչական կոմիտեում նման հայտարարություն է արել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ խափանման միջոցը կալանք նշանակելու հարցում դատարաններն այսօր ավելի համարձակ են։

«Մաքսիմալ բավարարող չենք կարող համարել սահմանադրական և կոնվենցիոն նորմերին, բայց փոփոխություններ կան։ Նաև պետք է ասել, որ դատարանները շատ ավելի համարձակ են մերժում միջնորդությունները կամ ոչ իրավաչափ ճանաչում ձերբակալությունը»,- ասել է նա։

Նախարարը, պատասխանելով հարցին, եթե իշխանությունը կարծում է, որ կալանքի իրավակիրառ պրակտիկայի հետ կապված խնդիր կա, ապա ինչո՞ւ է մերժվում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կամ այլոց խափանման միջոցը, մնում կալանք, այն դեպքում, երբ նույնիսկ այս հարցով ՄԻԵԴ են դիմումներ գնում, նշել է, թե պետք է տարանջատել կալանքի հիմքերը․

«Եթե կալանքի հիմքերը բավարար ու իրավաչափ են, ապա պետք է գնահատել նաև հետևյալը՝ արդյոք անձի առողջական վիճակը համատեղելի է անազատության հետ։ Օրենսդրորեն կար սահմանափակում, որ կալանավորն ազատ արձակվի՝ պայմանավորված առողջական վիճակով։ Հիմա մենք նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ, որ այդ արգելքը վերացվի, սակայն գործնականում դա կիրառվում է։ Որքան տեղյակ եմ՝ իրականացվում է փորձաքննություն ճշտելու համար՝ արդյոք հիվանդությունների ցանկին համապատասխանում են Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները, թե՝ ոչ»։

Հարցին, թե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը մեկ անգամ փոխվեց և պարզ դարձավ, որ նա նախաքննությանը չի խանգարում, ինչո՞ւ նորից կալանքն ընտրվեց խափանման միջոց և որպես արդարադատության նախարար՝ որքանո՞վ եք սա իրավաչափ համարում, Զեյնալյանն արձագանքել է.

«Առաջադրում եք հարց, որի հասցեատերը ես չեմ, այլ դատարանն է։ Սա փաստաբանի հարցադրում է, որ պետք է ուղղել գործը նախագահող դատավորին, քանի որ հարցի իրավական գնահատականը կարող է տալ դատարանը»։

Հիշեցնենք,որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում անցած տարվա հունիսին ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ և քրեական գործ հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:

Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա կալանավորվել էր, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել, որոշ ժամանակ անց կրկին կալանավորվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել