Իրանի ԱԳՆ-ն մերժել է Մակրոնի առաջարկը
11:41 - 07 հունիսի, 2019

Իրանի ԱԳՆ-ն մերժել է Մակրոնի առաջարկը

news.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է նոր բանակցությունների առաջարկը, որն արվել էր նախօրեին ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպման ընթացքում, ընդգծելով, որ 2015-ի միջուկային գործարքի հետ կապ չունեցող հարցերը չեն օգնի պահպանել համաձայնագիրը, տեղեկացնում է Tasnim-ը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ֆրանսիացի պաշտոնակցի՝ Էմանուել Մակրոնի Ֆրանսիայում հանդիպման ժամանակ արված հակաիրանական արտահայտությունները՝ ասելով, որ Թրամփի ծեծված եւ տարօրինակ հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն։

«Չնայած մի շարք ելույթներին եւ քաղաքական հայտարարություններին՝ եվրոպական կողմերը մինչեւ հիմա չեն կատարել միջուկային համաձայնագրի իրենց պարտավորությունները։ Մենք չկարողացանք շահ ստանալ այդ բազմակողմ համաձայնագրից»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այդ հանգամանքներում Ֆրանսիան, նոր թեմաներ առաջադրելով, ոչ միայն որեւէ օգնություն չի ցուցաբերում, այլեւ հետագա անվստահության ճանապարհ է հարթում համաձայնագրի մնացած կողմերի միջեւ։

Նախօրեին Մակրոնն ասել էր, որ Փարիզը եւ Վաշինգտոնը մեկ նպատակ ունեն Իրանի հանդեպ՝ խանգարել նրան ստանալ միջուկային զենք, իջեցնել Իրանի բալիստիկ ակտիվությունը, զսպել Իրանի տարածաշրջանային ակտիվությունը եւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ «Մնացած բոլոր վեճերը վերաբերում են տեխնիկական հարցերին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ կոչ անելով նոր բանակցություններ սկսել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել