armtimes.com: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին խորհուրդ է տվել ամերիկացի պաշտոնատար անձանց հանել զորքերը Մերձավոր Արեւելքից եւ «փախչել» տարածաշրջանից: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։

Կիրակի խորհրդարանի նիստի ժամանակ Լարիջանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «բարբարոսական» քայլ եւ ահաբեկչական, ռազմական գործողություն։

«Դա անելով՝ դուք տարածաշրջանի անվտանգությունը դրել եք սպառնալիքի տակ եւ պետք է պատասխանատվության ենթարկվեք։ Ձեր հիմարությունը սպառնալիքի տակ է դրել այս հսկայական տարածաշրջանում գտնվող ամերիկացիների կյանքը»,- դիմել է ԱՄՆ-ին Լարիջանին իր ելույթում։

Նա միանգամայն անհիմն է անվանել Միացյալ Նահանգների հայտարարությունները, թե, իբր, Սոլեյմանին ծրագրում էր քայլեր՝ ուղղված ԱՄՆ-ի դեմ Սիրիայում, Լիբիայում եւ Իրաքում։