Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ դեռեւս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որեւէ հիմք: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրականտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաեւ Ուկրանիայի եւ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր որոշումն առ այն, որ դեռեւս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որեւէ հիմք: Միեւնույն ժամանակ նշում ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը եւ հանրությանը մշտապես կիրազեկի իր որոշումների մասին:

Տեղեկացնում ենք, որ "Armenia Airways" ավիաընկերության կողմից իրականացվող Երեւան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 10-ին: Իսկ "UR" ավիաընկերության կողմից իրականացվող Էրբիլ-Երեւան-Էրբիլ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 12-ին: Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչ չվերթերի իրականացումը»։