Ժամանակակից աշխարհում սինթետիկ եւ բուսական ծանր թմրանյութեր վաճառելու համար սոցիալական ցանցերն «ամենահարմար» եւ անվերահսկելի հարթակն են։ ՀՀ ոստիկանությունը եւս վկայում է, որ վերը նշված եղանակով սինթետիկ թմրանյութերի բացահայտման աշխատանքները բավականին բարդ են, քանի որ հանցագործության կատարման տիրույթը (սոցիալական կայք, հեռահաղորդակցման համակարգ, վճարային միջոց) հիմնականում ֆիզիկապես եւ իրավաբանորեն որեւէ առնչություն չեն ունենում Հայաստանի հետ, ուստի օտարերկրյա համացանցային տիրույթում գտնվող թվային ապացույցների հավաքագրման համար անհրաժեշտ է լինում քրեական գործի առկայություն:

Ի՞նչ են սինթետիկ եւ բուսական ծանր թմրանյութերը եւ ինչպե՞ս են դրանք իրացվում առցանց տիրույթում

Բուսական են խաշխաշը (ափիոնը եւ դրա ածանցյալները), կոկան (կոկաին), հատուկ սնկեր, որոնք պարունակում են պսիլոցին, կակտուսներ, որոնք պարունակում են մեսկալին, էֆեդրա։ 

Սինթետիկ կամ օրգանական թմիամիջոցներն են հերոինը, մեթադոնը, բուպրենորֆինը, ամֆետամինը, մետամֆետամինը, էֆեդրոնը, ֆենտանիլը, պերվիտինը, ԼՍԴ-ն, ՄԴԱ-ն, էքստազին եւ այլն։ Սինթետիկ թմրամիջոցների շարքին են դասվում մի շարք հոգեմետ նյութեր՝ կետամին, տրամադոլ եւ այլն։

Ըստ կախվածություն առաջացնելու արագության՝ թմրամիջոցները պայմանականորեն բաժանվում են 2 խմբի՝ «թեթեւ» եւ «ծանր»։

Ըստ առաջացրած ազդեցության՝ լինում են հանգստացնող (սեդատիվ), խթանող (ստիմուլյատոր) եւ ցնորածին (հալյուցինոգեն)։

Սինթետիկ թմրամիջոցներ վաճառող անձինք սովորաբար օգտագործում են “Telegram” սոցիալական տիրույթը։ Հայաստանում եւս ապօրինի այս գործունեությունն իրականացնողները քիչ չեն։ “Telegram”-ի տիրույթում տասնյակի հասնող խմբեր կան, որտեղ վերջիններս մատուցում են իրենց «ծառայությունները»։ Ընդ որում՝ այդ խմբերին հետեւում են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ դեռահասներ։

Սինթետիկ թմրանյութեր վաճառող օնլայն այս խանութներն ունեն հատուկ կանոններ՝ նամակագրության, գումարի փոխանցման, գումարի հետվերադարձի, «ապրանքի» հանձնման հետ կապված․ գնորդը չի տեսնում վաճառողին ու փոխանցողին, եւ հակառակը։ Օնլայն խանութները ղեկավարողները հստակ պահանջներ են ներկայացնում գնորդներին՝ մինչեւ գործարքի ավարտը չեկը պահել, նամակագրությունը չջնջել՝ մինչեւ «ապրանքը» ստանալը, առհասարակ չջնջելն առավել «նախընտրելի» է, վաճառողի հաշիվը լիցքավորելիս անպայման նկարել վճարման սարքի էկրանը եւ այլն։

Միայն “Telegram” հավելվածը չէ, որ օգտագործվում է սինթետիկ ու բուսական ծանր թմրամիջոցների վաճառքի համար։ Ռուսական “Hydra” տիրույթը եւս հնարավորություն է տալիս առանց անձի նույնականացման՝ գնել թմրանյութեր։ “Hydra” տիրույթ մուտք գործելու համար հղումները տպվում են Երեւան քաղաքի տարբեր փողոցների, բակերի պատերին։

Սինթետիկ ու բուսական ծանր թմրամիջոցներ օգտագործողները սովորաբար զոհն են իրենց իսկ անտեղյակությանը՝ այդ թմրանյութերի բաղադրության մասին։ Ըստ Թմրամիջոցների չարաշահման ամերիկյան ազգային ինստիտուտի՝ հերոինը, կոկաինը, ամֆետամինը, մետամֆետամինը, ԼՍԴ-ն եւ այլ բարձր վտանգավորություն ունեցող թմրանյութեր կարճաժամկետում օգտագործողի մոտ առաջացնում են սրտխառնոց, մկանային թուլության զգացողություններ, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, խաթարվում է  արյունատար անոթների աշխատանքը։ Ավելի երկար ժամանակային հատվածում նշված թմրամիջոցները վնասում են կենսական նշանակության օրգանները։ Այս ամենին զուգընթաց՝ խաթարվում է անձի հոգեկան առողջությունը։ Անձը ձեռք է բերում հակասոցիալական վարք։

Այս ամենի հետեւանքով խեղվում են մարդկային ճակատակագրեր, երբեմն՝ անվերադարձ։

Ստորեւ ներկայացնում ենք Infocom-ի երկու զրուցակիցների անանուն հարցազրույցները, որոնց որդիները ինչ-որ պահի օգտագործել են սինթետիկ ու բուսական ծանր թմրամիջոցներ՝ դրանք ձեռք բերելով ոչ միայն առցանց եղանակով, այլեւ՝ առձեռն։

«Հայաստանում գոյություն ունի ընդամենը մեկ նարկոլոգիական կլինիկա, որտեղ այնքան հին եւ ոչ արդյունավետ միջոցներով են բուժում, որ ավելի շատ վնասում են»: (Մ․Ն․)

Մեր զրուցակից Մ․ Ն․-ի որդին ինքն է ծնողին ասել, որ օգտագործում է թմրանյութեր։ 

«Խոստովանելուց 2 շաբաթ հետո տարօրինակ հոգեկան վիճակի մեջ էր: Գիտեի, որ տղաս մի քանի տարի մարիխուանա է օգտագործում։ Ոչ մի կերպ հնարավոր չեղավ նրան համոզել կամ պարտադրել դադարեցնել՝ նամանավանդ հաշվի առնելով կանաբիսի օգտակարության մասին համատարած կարծիքը: Ցավոք, նրա մոտ, ինչպես եւ շատերի, մարիխուանան դարձավ «տրամպլին»՝ դեպի սինթետիկ թմրամիջոցներ, որոնք սարսափելի վտանգավոր են»,- նշեց մեր զրուցակիցը։

Որդուն տեղափոխել են արտերկիր, որովհետեւ, ինչպես նշում է Մ․Ն․-ն՝ մեր երկրի բժշկական համակարգը ոչ մի միջոց չունի կանխելու եւ առավել եւս բուժելու թմրանյութային կախվածությունը: Հայաստանում կա ընդամենը 1 նարկոլոգիական կլինիկա, որտեղ, Մ․ Ն․-ի պնդմամբ,  այնքան հին եւ ոչ արդյունավետ միջոցներով են բուժում, որ ավելի շատ վնասում են:

«Չկա ոչ մի ռեաբիլիտացիոն կլինիկա, որտեղ ժամանակակից աշխարհում օգտագործվող վերականգնվելու եւ լիովին բուժվելու միջոցներ են կիրառվում: Իրավապահ մարմիններին չեմ դիմել, որովհետեւ թմրանյությային կախվածությունը, իմ կարծիքով, հիվանդություն է, ոչ թե հանցանգործություն․ նրանց պետք է բուժել: Երբ տղաս մեկնեց արտերկիր՝ բուժվելու, նրանցից (սինթետիկաներ վաճառողներ, օգտագործողներ,- հեղ․) ոմանք ինձ հարցնում էին նրա մասին, բայց լուրջ անհանգստություն չեն պատճառել», - մեր զրույցում ասաց Մ․Ն․-ն:

«Երբ երեխադ դառնում է թմրանյութ օգտագործող, դու դառնում ես կախյալ․․․»։ (Ռ․ Ե․)

Մեր մյուս զրուցակիցը՝ Ռ․ Ե․-ն, պատահաբար է հասկացել, որ 18-ամյա որդին թմրանյութեր է օգտագործում։

«Մտքովս չէր էլ անցնում, շատ պատահական հասկացա, աչքերը տեսա, բիբերը, աչքերի գույնը, հասկացա, որ լուրջ խնդիր է, սկսեցի հետեւել սինդրոմներին, իսկ դրանք կհասկանան միայն այն ծնողները, ում երեխաներն արդեն հայտնվել են այս իրավիճակում։ Փորձեցի հանել այդ վիճակից, բայց հետո հասկացա, որ երբ թմրամիջոց են օգտագործում, դա վերածվում է հիվանդության, որը պետք է բուժել»,- մեր զրույցում ասաց Ռ․ Ե․-ն՝ հավելելով, որ հայաստանյան բժշկության մեջ այսօր այդ բուժումը չկա, չկան կենտրոններ, որոնք կզբաղվեն առողջության վերականգնմամբ, մարդկանց հասարակություն վերադարձնելով․

«Մի կանխարգելման կենտրոն ունենք՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը, որը, ցավոք, չի կարող լուծել այդ խնդիրը, որովհետեւ, երբ ուսումնասիրում ենք աշխարհի փորձը, հասկանում ենք, որ այդ կլինիկայով ընդամենը ծածկադմփոց կանենք»։

Ռ․ Ե․-ի խոսքով՝ երբ երեխան դառնում է թմրանյութ օգտագործող, ծնողը դառնում է կախյալ․

«Դիմեցի հոգեբանի, որը ահագին բաներ բացատրեց, ճշգրտումներ արեցի իմ վարքում։ Հիմա չեմ կարող ասել, որ որդուս 100 տոկոսով հանել եմ այդ վիճակից․ թմրանյութ օգտագործողը նախկին չի լինում, բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ դա մի օրվա գործ չէ, դա ողջ կյանքի գործ է։ Քաղցկեղ ունեցողին չեն սպանում, որ ինքը քաղցկեղ ունի, դա հիվանդություն է, պետք է բուժվի, նույնն էլ այս դեպքն է»։

Ռ․ Ե․-ի որդին “Telegram”-ի միջոցով է ձեռք բերել թմրանյութերը։ Ընտանեկան ու հոգեբանական աջակցության շնորհիվ՝ նա համաձայնել է նաեւ իրավապահներին հայտնել իր ունեցած տվյալները՝ առցանց տիրույթում թմրանյութերի առուվաճառքով զբաղվող անձանց հայտնաբերելու համար։ Ռ․ Ե․-ն դիմել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչություն, ԱԱԾ, բայց գործուն քայլեր որեւէ մեկից չի տեսել, որովհետեւ, իր պնդմամբ, ոստիկանությունն աշխատում է 20 տարի առաջվա մեթոդներով․

«Իրավապահները պիտի հասկանան, որ այսօր թմրամիջոց վաճառողը փողոցում կանգնած «բառիգը» չէ, այսօրվա վաճառողն օգտագործում է ահռելի ռեսուրսներ, իրավապահները գուցե չեն պատկերացնում ինչի հետ գործ ունեն։ Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում չկա համակարգչային մասնագետ, չկան պրոֆեսիոնալներ։ Մենք եղել ենք 6-րդ վարչությունում, թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի բաժնի պետը խնդրում է լրիվ այլ գործառույթներ ունեցող կիբերհանցագործությունների բաժնի պետին, որ գա ինչ-որ բան նայի»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նա ասաց, որ երբ գնացել են 6-րդ վարչություն, այնտեղ որդու ներկայությամբ ասել են, թե՝ «տղադ հիվանդ է, չի բուժվի․․․»․ 

«Մեր երկրում սա տաբու թեմա է, ոստիկանների համար թմրանյութերից կախվածություն ունեցողները մարդիկ չեն, հիվանդ չեն, որոնք կարող են բուժվել, իրենք համապատասխան գիտելիքներ, հոգեբանական կրթություն չունեն»։

Ռ․ Ե․-ի որդին իրավապահներին տվել է իր ունեցած բոլոր տեղեկությունները, դրանից անցել են ամիսներ, բայց որեւէ նորություն չկա։ Մեր զրույցում նա նկատեց՝ ոստիկանությունը խոսում է մարիխուաննայի առուվաճառքի մասին, բայց վտանգավոր սինթետիկ թմրամիջոցների մասին՝ ոչ երբեք նույն ինտենսիվությամբ։

Մեր զրուցակիցը 2019 թվականի նոյեմբերին դիմում է ուղարկել նաեւ ԱԱԾ։ Գրավոր պատասխան չի ստացել։ Միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի միջամտության շնորհիվ են պատասխանել։

«Թմրանյութերի բիզնեսը հարատեւ է, քանի իրավապահները չեն կանխարգելում, քանի երկրում չկան վերակագնողական կենտրոններ, որովհետեւ բիզնես անողը գիտի, որ հաճախորդը վեց ամիս կարող է դիմանալ, հետո, միեւնույն է, էլի գալու է։ Հիմա չեմ ուզում պնդել, թե որդիս լիարժեք վերականգնվել է։ Բայց վստահ եմ՝ հնարավոր է դուրս գալ այդ ամենից, եթե կա կուռ ընտանիք, հոգեբանի միջամտություն ու կամքի ուժ։ Կարծում եմ՝ իմ որդին ուզում է բուժվել»,- եզրափակեց Ռ․ Ե․-ն։

2018-2020թթ. ՀՀ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել եւ ապօրինի շրջանառությունից առգրավվել է մոտ 50 կգ տարբեր տեսակի սինթետիկ թմրամիջոցներ:

ՀՀ ոստիկանությունից 18․03․2020 թվականին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ  ոստիկանության համապատասխան աշխատակիցների կողմից մշտապես իրականացվում են ուսումնասիրություններ, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ համացանցային տիրույթում թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տեղադրած անհատական էջերն ի հայտ բերելու ուղղությամբ: 

Նշել են, որ թմրամիջոցների վաճառքի հանգամանքները հաստատող փաստական տվյալներ ստացվելուն պես միջոցներ են ձեռնարկվում գործի հետագա ընթացքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-182 հոդվածների կարգով լուծելու համար:

Հաստատելով, որ ներկայումս առցանց եղանակով թմրամիջոցների վաճառքը դրանց ապօրինի շրջանառության ամենատարածված եղանակներից է, ընդ որում՝ այդ եղանակով վաճառքն իրականացվում է ինչպես «բաց» համացանցում (սոցիալական կայքեր, հեռահաղորդակցության համակարգեր, առանձին վեբ կայքեր), այնպես էլ, այսպես կոչված՝ «սեւ ինտերնետում» (Darknet)՝ ոստիկանությունից հավելում են, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ համացանցում թմրամիջոցների վաճառքին զուգահեռ ավելանում են նաեւ խարդախության դեպքերը, երբ թմրամիջոց վաճառելու պատրվակով ստեղծվում են անհատական էջեր:

Ստորեւ ներկայացնում ենք 2018 եւ 2019 թվականներին ոտիկանության կողմից առգրավված սինթետիկ եւ ամենավտանգավոր թմրամիջոցները՝ ըստ տեսակարար կշռի։

Վերոնշյալ վիճակագրությունից երեւում է, որ 2018 եւ 2019 թվականներին սինթետիկ թմրամիջոցներից հիմնականում առգրավվել են հերոին եւ մետամֆետամին, իսկ բուսական ծանր թմրամիջոցներից՝ ափիոն։ Մնացած բարձր վտանգավորություն ունեցող թմրամիջոցների առգրավվման ծավալները դրանց օնլայն տարածվածության համեմատ՝ բավականին ցածր տոկոս են կազմում։ 

Սա կարող է պայմանավորված լինել ե՛ւ ոստիկանության կողմից նշված՝ թվային տվյալների անհասանելիության, ե՛ւ ոստիկանության՝ առավել ծանր վնասակարություն ունեցող թմրամիջոցների առուվաճառքը հատկապես օնլայն տիրույթում վերահսկելու լծակների բացակայության հետ։ Ընդ որում, ինչպես արդեն նշել ենք, ոստիկանությունն ինքը փաստում է, որ օնլայն եղանակով թմրանյութերի ապօրինի առուվաճառքի բացահայտման աշխատանքները բավական բարդ են։

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված թմրամիջոցներ իրացնելու եւ պահելու համար

Հայաստանի օրենսդրությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար սահմանված է քրեական պատասխանատվություն՝ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, իսկ մանր չափերով թմրանյութեր պահելու համար՝ վարչական պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ կոնկրետ դեպքերի համար։

Մասնավորապես, ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:

Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

ՔՕ 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

ՎԻՎ  օրենսգրքի հոդված 441-ի 1-ին մասի համաձայն՝ առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Իսկ նույն արարքները 1 տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:

Եզրակացություն

Այպիսով, կարող ենք փաստել, որ այս խնդրի լուծման համար նախեւառաջ կարեւոր է քաղաքացիների իրազեկվածությունը հոդվածում նշված էջերի բուն գործունեության, իրացվող ապրանքների վտանգավորության, իրացնելու եւ պահելու համար նախատեսվող պատիժների մասին։ Միեւնույն ժամանակ պետք է կատարելագործվեն նաեւ իրավապահ համակարգի աշխատակիցների հմտություններն ու հոգեբանական կրթությունը, իսկ պետությունը պետք է միջոցներ ձեռք առնի՝ վերականգնողական կենտրոնների վիճակը բարելավելու կամ նոր, ժամանակակից հագեցվածությամբ կենտրոններ հիմնելու համար։ 

Հայարփի Բաղդասարյան, Արփի Ավետիսյան