ԼՀԿ անդամները Կառավարության որևէ նախաձեռնություն դարձնում են առաջարկություն և բերում են հանրային քննարկման․ Վարազդատ Կարապետյան
07:43 - 24 հունիսի, 2019

ԼՀԿ անդամները Կառավարության որևէ նախաձեռնություն դարձնում են առաջարկություն և բերում են հանրային քննարկման․ Վարազդատ Կարապետյան

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։

«Արդեն մի քանի անգամ մենք տեսնում ենք ԼՀԿ անդամները Կառավարության որևէ նախաձեռնություն, որն արդեն տեղի է ունեցել, դարձնում են առաջարկություն և բերում են հանրային քննարկման։ Մեկը փոխմարզպետերի օրինակը, մենք արդեն մեկ փոխմարզպետ ունեինք, դուք առաջարկում էիք հրաժարվել երեք փոխմարզպետերից»,- ասաց նա։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ ավելացնել Գյումրիից չվերթների քանակը, Վարազդատ Կարապետյանը կարդաց Հակոբ Ճաղրյանի գրառումը, ով վարչապետի խորհրդականն է ավիացիայի գծով։

«Շաբաթ առավոտյան, Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով։ Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին»:

Վարազդատ Կարապետյանը նաև ավելացրեց․

«Այսինքն, այն թեման, որը Կառավարության անդամների և Կառավարության գործակալությունների տնօրենների հասցեին ոչ պարկեշտ արտահայտություններով պարոն Մարուքյանը քննարկում էր, այդ թեման հենց ի սկզբանե եղել է Կառավարության ուշադրության կենտրոնում և արդեն դրա լուծումը կա»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Մարուքյանը իր ուղիղ եթերում անդրադարձել էր Վրաստանում ստեղծված իրավիճակին ու կառավարությանն առաջարկել էր ավելացնել Գյումրիից չվերթների քանակը։

«Կոչ եմ անում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ շատ գեղեցիկ աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այս խնդիրը կարգավորեն։ Մենք ուղղակի այս հնարավորությունը չպետք է բաց թողենք», - ասել էր Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել