Լավրովը հույս ունի՝ կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիրը շուտով կստորագրվի |civilnet.am|
11:29 - 11 նոյեմբերի, 2019

Լավրովը հույս ունի՝ կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիրը շուտով կստորագրվի |civilnet.am|

civilnet.am: Մոսկվան ու Երևանը շուտով կստորագրեն ՀՀ-ում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ վերազինված կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիր, որով ՌԴ առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների համար կապահովվի ազատ մուտք այդ կառույցներ․ այս մասին Երևանում նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնցականյանի հետ կայացած հետ մամուլի ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիրն արդեն պատրաստ է՝ «ներքին, միջգերատեսչական համաձայնեցման փուլում է այն»:

Լավրովը հույս ունի, որ մոտ ապագայում փաստաթուղթը կստորագրվի:

«Սա մեզ համար հավելյալ հնարավորություն կստեղծի կեսաբանական անվտանգության ոլորտում: Նման շփումները, հատկապես անվտանգության ոլորտի վերաբերյալ, մեր գործընկերների ու դաշնակիցների հետ համարում ենք օրակարգի կարևոր բաղկացուցիչ»,- ասաց Լավրովը՝ հավելելով, որ կենսաբանական լաբորատորիաների մասին փաստաթղթին միացել է նաև ՌԴ առողջապահության նախարարությունը:

Փաստաթուղթը, որի մասին խոսում է Լավրովը, համաձայն ռուսական լրատվամիջոցների հրապարակումների, կրում է «Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայության» մասին անվանումը: Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանի հետ փաստաթուղթ է նախապատրաստում, որը կերաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը ԱՄՆ աջակցությամբ բացված կենսաբանական լաբորատորիաներում: «Կերաշխավորվի նաև դրանց թափանցիկ գործունեությունը», - ասել էր նա:

Հարցին՝ եթե կողմերը հասել են կենսաբանական լաբորատորիաների շուրջ համաձայնության, արդյոք հարցը հանվո՞ւմ է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգից, Լավրովը պատասխանեց. «Հուշագիրը դեռ պետք է ստորագրել, հետո անհրաժեշտ է իրագործել, որպեսզի մենք խոսենք խնդրի վերացման մասին»:

Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա:

ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ, որտեղ կենսաբանական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում են վիրուսներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:

Մոսկվայում այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ն: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:

Դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ից մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործելու Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ:

«Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ է տրվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ նա դարձել է Հայաստանի վարչապետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել