Լարսին այլընտրանք ունենալը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով, հարցն ավելի շատ ռուս-վրացական օրակարգում է․ Հակոբ Արշակյան |tert.am|
17:34 - 06 ապրիլի, 2019

Լարսին այլընտրանք ունենալը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով, հարցն ավելի շատ ռուս-վրացական օրակարգում է․ Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը համակարծիք է, որ տնտեսական հեղափոխության համար առաջնային է ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումը, քանի որ դա նաև արտաքին աշխարհի հետ կապ է։ Նա նշել է, որ հենց այս գիտակցումից ելնելով է, որ կառավարությունն այս տարի լրացուցիչ շուրջ 5 մլրդ դրամ է հատկացնելու ճանապարհաշինությանը համար՝ թե՛ միջպետական, թե՛ հարակից։

«Կարծում եմ՝ սրա էֆեկտն այս տարվա վերջում կզգանք, որովհետև մենք ունենք ճանապարհներ, որոնք 15-20 տարի չեն նորոգվել, և այդտեղ, իհարկե, լրջագույն խնդիրներ ունենք։ Այդ ճանապարհներից են նաև Իրանի ու Վրաստանի հետ կապող ճանապարհները»,- ասել է նա։

Արշակյանը, խոսելով Լարսին այլընտրանք ունենալու մասին, նշել է, որ գործընթացը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով։ Նա նկատեց, որ բանակցությունները հիմնականում ռուս-վրացական օրակարգի շրջանակում են։

«Մեր ունեցած լեգիտիմության չափով մենք մասնակցում ենք, խոսքը հարավօսականի, լաստանավային անցման մասին է։ Բավականին բազմակողմանի քննարկումներ կան, իհարկե, մեզ համար առաջնահերթ են, բայց դանդաղությունը պայմանավորված է նրանով, որ բանակցությունները 2 տարբեր երկրների միջև են, իսկ մենք 3-րդ կողմ ենք, շահառու կողմ ենք, ոչ թե ուղիղ»,- շեշտել է Արշակյանը:

Ինչ վերաբերում հարցին, որ նախկինում էլ բազմաթիվ ծրագրեր են գծվել, սակայն վերջնակետում պարզվել է՝ գումար չկա, նախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որևէ ծրագրի իրականացման ժամանակ, անհրաժեշտ է ոչ թե մտածել գումար ունենք, թե՝ ոչ, այլ այդ գումարը հետ է գալու, թե՝ ոչ։

«Եթե գումարը հետ է գալու, ապա այդ գումարը կգտնվի, իսկ եթե ծրագիրը պարզապես անում են անելու համար, ապա ո՛չ գումար, ո՛չ անող չի չգտնվի։ Յուրաքանչյուր ծրագրի հիմքում պետք է տնտեսական էֆեկտիվության գնահատական լինի։ Լարսի այլընտրանքի մասով էլ ասեմ, որ հիմա բավականին լուրջ խոսակցություններ են գնում, նույնիսկ մեկ փոխադրող կա, որն արդեն իրավական մասով ընթացակարգերի մեջ է, որպեսզի կարողանա բեռնափոխադրումներ անել «Փոթի-Պորտ Կավկազ» ուղղությամբ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։

Նախարարի խոսքով՝ քննարկումներ կա նաև լաստանավային ուղու հետ կապված։ Ըստ Արշակյանի՝ իրագործումը կախված է նրանից, թե ինչ տարողունակություն կլինի։

«Կախված է նրանից, թե այդ միջանցքն իրեն տնտեսապես կարդարացնի՞, թե ոչ։ Եթե բավարար չափով ծավալներ լինեն, «Հարավկովկասյան երկաթուղին» հավաստիացնում է, որ իրենք կարող են լաստանավ վարձակալել»,- ընդգծել է նախարարը։

Հակոբ Արշակյանը, անդրադառնալով Իրանի հետ երկաթգիծ կառուցելու հնարավորությանը, որի մասին բազմաթիվ քննարկումներ են եղել, շեշտել է, թե ինչպես ցանկացած ներդրումային ծրագիր, այդպես էլ սա պետք է հաշվարկվի։ Նա վստահեցրել է՝ քաղաքական առումով որևէ խնդիր չկա։

«Կարծում եմ՝ քաղաքական առումով բավականին լավ ու բարիդրացիական հարաբերություններ են, որովհետև մենք ուզում ենք մեր հարավային հարևանի հետ լավ հարաբերություններ ու տրանսպորտային միջանցք ունենալ։ «Հյուսիս-հարավն» էլ դրա համար էր, եթե քաղաքական խնդիր լիներ, ապա այն նաև Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման վրա կանդրադառնար»,- հավելել է նախարարը։

Վերջինս տեղյակ է, որ ամեն անգամ ՀՀ-Իրան երկաթգծի մասին խոսակցությունների ժամանակ, մեջբերվում է Իրան-Ադրբեջան համագործակցության արդյունավետությունը։ Այս համատեքստում նա նկատեց, որ դաշտային ու լեռնային երկաթուղի անցկացնելը շատ տարբեր հարցեր են, տարբեր գումարներ են պահանջում, ավելին՝ ունեն տնտեսական էֆեկտիվության տարբեր աստիճաններ։

«Այս երկուսը համեմատելուց կարող ենք միայն քաղաքական բաղադրիչը համեմատել, քանի որ տարբեր են տնտեսական էֆեկտիվության աստիճանները՝ արդյունավետության, արագանցիկության և այլնի առումով։ Սակայն Իրան-ՀՀ երկաթգծի հետ կապված միշտ հաշվարկներ արվել են, արվում են, բայց նաև բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնք պետք հաշվի առնել»,- եզրափակել է Հակոբ Արշակյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել