Հայերենի լիակատար կիրառում, անձնանունների, աշխարհագրական անվանումների, տեղանունների, փողոցների և մյուս բոլոր անունների գրանցման միասնականություն, փաստաթղթերում՝ լեզվական ու ոճական ճիշտ, միասնական ձևեր, այս ամենի համար՝ օրենսդրական փոփոխությունների մշակում… Այս հարցերի շուրջ, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, այսօր պայմանավորվեցին Լեզվի և Կադաստրի կոմիտեների ղեկավարները։

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և տեղակալ Մարատ Յավրումյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի, գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանի, գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանի և խմբագիր Լիլիթ Ազատյանի հետ Կադաստրի կոմիտեում ավելի քան մեկ ժամ քննարկեցին… լեզվական հարցեր։

Դավիթ Գյուրջինյանը հանդիպման սկզբում գոհունակությունը փոխանցեց, որ Կադաստրի կոմիտեն հայերեն հեռախոսագրերը (sms-ները) պարտադիր է դարձրել, հետաքրքրվեց դրա տեխնիկական հնարավորություններով՝ Հայաստանում առավել լայնորեն կիրառելու համար։

Սարհատ Պետրոսյանը խոստովանեց, որ հատկապես հին և «հայերեն չկարդացող հեռախոսների» գոյության պայմաններում դա բավական բարդ էր, բայցև «մի կերպ հաղթահարեցինք այդ մարտահրավերը»։ Կարևոր բան էր։ Պետք է հարգել պետական լեզուն, մայրենի լեզուն, Սահմանադրությունն ու Լեզվի մասին օրենքը։ Իսկ Կոմիտեն տարեկան նվազագույնը 160 հազար հեռախոսագիր է ուղարկում իր կոնկրետ հաճախորդներին։ Կոմիտեի ղեկավարը նշեց նաև, որ հեռախոսագրերի անհրաժեշտությունն ու դրանց ծախսերը շուտով կվերանան, քանի որ կնիքի գործածումն օրենսդրորեն վերացնելուց հետո ծանուցումները հաճախորդներին կուղարկվեն էլեկտրոնային փոստով։

Այստեղ կա Լեզվի կոմիտեի հետ համագործակցության մյուս եզրը. գրագրությունը, Կոմիտեի տրամադրած վկայականները, մյուս փաստաթղթերը բերել ճիշտ և միասնական տեսքի։ Կոմիտեի գլխավոր քատուղար Գոհար Գրիգորյանի հետ պարբերական շփումներով կհստակեցվեն «ճիշտ կամ երկու տարբերակներից առավել ընդունելի» լեզվական ձևերը, կետադրական նրբությունները, կմշակվեն «ստանդարտներ»։

 

 

Ավելին՝ hetq.am-ում