Լենա Նազարյանի կարծիքով՝ դատաիրավական համակարգը դիմադրում է նախաձեռնվող բարեփոխումներին |armenpress.am|
12:40 - 24 մայիսի, 2019

Լենա Նազարյանի կարծիքով՝ դատաիրավական համակարգը դիմադրում է նախաձեռնվող բարեփոխումներին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը կարծում է, որ դատաիրավական համակարգը դիմադրում է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումներին: Այս մասին Նազարյանն ասաց մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Նախկինում բազմիցս մեզնից շատերն ուղղակիորեն առնչվել են դատաիրավական համակարգի կախյալությանը և կողմնակալ վերաբերմունքին: Համակարգը, ցավոք, մեծ փոփոխությունների չի ենթարկվել մինչ օրս: Հեղափոխությունից հետո մենք շարունակ տեսնում ենք դատավորների որոշումների հետևանքով հանրային ցասումի բռնկումներ, բողոքի արտահայտությունները:

Եվ իրավագիտակցության բարձրացման ու արդարադատության հանդեպ վստահության աճի փոխարեն, փաստորեն, ինքնադատաստանի, հակաիրավական կոչերի ալիքներ են բարձրանում այն պարզ պատճառով, որ դատաիրավական համակարգը դիմադրում է բարեփոխմանը: Եթե դատաիրավական համայնքը չի ցանկանում ակտիվ մասնակիցը լինել երկրի ժողովրդավարական փոփոխությունների, ապա կլինի այս գործընթացի զուտ կրողը»,- ասաց Նազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել