tert.am: Լիբիայի արևելյան Բենղազի նահանգում գործող խորհրդարանը միաձայն քվեարկել է Թուրքիայի հետ հարաբերությունների խզման օգտին: 

Ավելի վաղ Բենղազիում խորհրդարանը, որն աջակցում է գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ գործող Լիբիայի ազգային բանակին, հրաժարվել էր ընդունել Տրիպոլիի իշխանությունների կողմից Թուրքիայի հետ կնքված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը և քվեարկել էր այն չեղարկելու օգտին:

Բացի այդ, խորհրդարանը որոշել է Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի և Թուրքիայի հետ համաձայնագրի կնքմանն առնչվող այլ անձանց գործերը փոխանցել Գլխավոր դատախազություն՝ քննություն անցկացնելու համար:

Միևնույն ժամանակ, պատգամավորները որոշել են փակել Լիբիայում Թուրքիայի դեսպանատունը: Խորհրդարանը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային, Աֆրիկյան դաշինքին, ԵՄ-ին և այլ միջազգային կառույցներին չեղարկել Տրիպոլիի կառավարության ճանաչումը Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ:

Դեկտեմբերի 26-ին Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը ռազմական օգնության վերաբերյալ պաշտոնական խնդրանքով դիմել էր թուրքական կողմին:

Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ: