lragir.am: Տիկին Մակունց, «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ»-ը դրվել է քննարկման, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Շատերի գնահատմամբ՝ վաղ է մեզ համար այս համակարգի ներդրումը, մյուս մասն էլ պնդում է՝ ինչու իմ գրպանից պետք է վճարեմ մյուսների համար։ Դուք ինչպե՞ս եք այն գնահատում։

Հարցը, իհարկե, դեռ քննարկվելու է խմբակցությունում, եղել են միայն առանձին քննարկումներ, հետևաբար դեռևս չկա վերջնական ձևավորված մոտեցում, բայց ես կներկայացնեմ՝ ինչ եմ ես կարծում։ Չափազանց կարևոր է գնալ այն ճանապարհով, որն այս պահին որդեգրել է առողջապահության նախարարությունը։ Ինչու եմ սա կարևորում։ Մենք հաճախ խոսում ենք կանխատեսելի ապագայի մասին, որտեղ մարդը չի մտածում իր վտանգված առողջության և կյանքի մասին, այսինքն՝ չպետք է ունենանք այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացին բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով զրկվի առողջ ապրելու կամ բուժվելու հնարավորությունից։ Մի կողմից, իհարկե, այս բարեփոխումը կտրուկ է, բայց այն իր մեջ ենթադրում է մի քանի քայլերով ճանապարհ, այսինքն՝ այն կյանքի չի կոչվելու միանգամից:

 

Այստեղ նաև պետք է քննարկման դրվի տոկոսային հարաբերակցությունը, թե ինչպես ենք պատրաստվում անել, ինչ համամասնությամբ, միգուցե համամասնությունների է պետք բաժանել այս ամենը, որ բեռը չընկնի միայն քաղաքացու վրա։ Բայց այն, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով, և ՀՀ քաղաքացին իրեն պետք է ապահով և պաշտպանված զգա նաև առողջության պահպանման տեսանկյունից, ինձ համար սա միանշանակ է։ Երկար ժամանակ ես մտքով տեղափոխվել եմ այն տարիներ, երբ քննարկումներ էինք ունենում թե առանձին խմբերով, թե որոշակի ֆորումների հարթակներում և թե անձնական զրույցներում, թե ինչպիսի կյանք էինք մենք ուզում ունենալ Հայաստանում։ Մի պետություն, որտեղ ՀՀ քաղաքացին, թոշակառուն, մարդիկ, որոնք չունեն բավարար ֆինանսական հնարավորություններ, պաշտպանված լինեն և զրկված չլինեն այդ հնարավորությունից։ Եվ իրականում արտագաղթի պատճառներից մեկն էլ հենց առողջության տեսանկյունից անապահով լինելն է, վստահ չլինելն է, ոչ կանխատեսելի ապագա ունենալն է։ Իսկ մենք պետք է մեր բոլորի ապագան հնարավորինս կանխատեսելի դարձնենք։

 

Ամենամեծ քննադատությունը վեց տոկոսի հետ է կապված։ Արդյոք վեց տոկոսը ռացիոնա՞լ թիվ է։

 

Իհարկե, սա պետք է քննարկել, նախագծի գաղափարը շատ լավն է, ողջունում եմ։ Անկախ նրանից, որ այն իր մեջ ներառում է որոշակի ծանրաբեռնվածություն, բայց եթե հաշվի առնենք, թե ինչ ենք ձեռք բերում դրա դիմաց, կարծում եմ, այն ամբողջովին արդարացված է։ Ինչ վերաբերում է տոկոսին, դեռ քննարկում չենք ունեցել, բայց չեմ բացառում, որ ինչ-որ մի կոմպրոմիսի գնանք։ Ամեն դեպքում, պետք է քննարկենք և հասկանաք՝ որն է դրա համար լավագույն տարբերակը։

 

Տիկին Մակունց, հետևո՞ւմ եք արդյոք առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին, որտեղ վերջին շրջանում պատգամավորներ-նախարար լարվածություն է նկատվում, կարծեք թևերի են բաժանվել։

 

Խնդիրը բոլորովին թևերի բաժանման մեջ չէ։ Խնդիրն այն է, որ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, թե առողջապահության նախարարությունը ռեֆորմների ճանապարհն են ուզում խրախուսել, բայց երկու կողմն էլ փորձում է անել առավելագույնը, որ այն լինի մաքսիմալ արդյունավետ։ Նախարարությունը մի կերպ է պատկերացնում, հանձնաժողովը մեկ այլ կերպ է պատկերացնում, և սա շատ լավ է, քանի որ կարծիքների բախման արդյունքում ի վերջո լավ հանգուցալուծում ենք ունենում։ Հասկանալի է, որ մի փոքր ավելի թեժ է, քան մենք սովոր ենք նման քննարկումների ականատես լինել, ես դրական եմ գնահատում, կարծիքների բախումն անհրաժեշտ պայման է։ Սա ոչ թե անձնական բախում է, ոչ թե այլ տիրույթում է, այլ ընդամենը տեսակետների։

 

Ընդհանրապես որքանո՞վ է կարողանում օրենսդիրը կառավարության վրա ազդեցություն ունենալ։ Օրինակ, խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց ԼՀԿ-ի նախագիծը, որին դեմ էր կառավարությունը, մինչդեռ երկրորդ ընթերցմամբ այն տապալվեց։

 

Ես բացարձակապես չեմ ուզում, որ մենք դիտարկենք հարցը հակադրությունների դաշտում։ Ի դեպ, ԱԺ նիստերի դահլիճում շատ անկեղծ և բաց քննարկում եղավ, մասնավորապես հենց ձեր նշած նախագծի հետ կապված, որտեղ, այո, իսկապես կոչումների հետ կապված հարց կար, ինչպես կոչում շնորհել։ Հետո գալիս ես մի մտքի, թե ինչպես կարող ենք մենք խրախուսել մի բան, որի դեմ նախկինում պայքարել ենք։ Ինքդ քեզ հետ հաճախ բախումների մեջ ես լինում։ Այո, դու ուզում ես խրախուսել, ունենալ շատ լավ օրինագիծ, որը մտածում ես, որ կաշխատի, բայց միևնույն ժամանակ դետալները նույնպես կարևոր են, թե ինչպես ես անում։ Այսինքն՝ եթե անձը զինվորական ծառայություն չի անցել կամ չունի գնդապետի կոչում, արդյոք ճի՞շտ է գնդապետի կոչում շնորհել պետական բարձրաստիճան պաշտոնյայի միայն նրա համար, որ նա ստանձնի ղեկավար պաշտոնը։ Այստեղ մենք մեզ հետ հաշտ չենք եղել։ Եվ ի վերջո որոշում է կայացվել, որ այս ճանապարհով չենք գնում։ Հակադրությունների տիրույթում չեմ ուզում դիտարկենք հարցը, որովհետև ոչ կառավարությունը, ոչ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը նման հարց չի դրել, մենք դրել ենք խնդիր ամենաարդյունավետ ճանապարհները փնտրելու և լուծումներ գտնելու։ Սա է մեր միակ մոտեցումը։

 

Ձեր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է մշակել, որով 18-27 տարեկան երիտասարդները, որոնք չեն ցանկանում երկու տարի ծառայության անցնել, կկարողանան վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել և ստանալ զինգրքույկ։ Ինչպե՞ս եք գնահատում։

 

Հայկ Սարգսյանի նախագիծը չի քննարկվել խմբակցությունում։ Ես կասկած չունեմ, որ Հայկ Սարգսյանը ցանկացել է լավ և անկեղծ մղումներով նախագիծ ներկայացնել, որը ենթադրում եմ, որ նրա կարծիքով պրոֆեսիոնալ բանակի գաղափարի մեջ է, բայց այն իրավիճակում, երբ պատերազմական իրավիճակ է, բնականաբար, մենք մեզ չենք կարող թույլ տալ նման մոտեցում։ Բացի դրանից, նաև սոցիալական անհավասարության պատճառ կարող է դառնալ։ Եվ եթե համապարփակ ենք նայում հարցին, սա ամեն դեպքում լավագույն մոտեցումը չէ։ Այս տարբերակով մենք չենք հասնի պրոֆեսիոնալ բանակ ունենալուն։