Լոռու մարզում մահերը 90-ով գերազանցել են ծնունդները |a1plus.am|
10:39 - 21 հունիսի, 2019

Լոռու մարզում մահերը 90-ով գերազանցել են ծնունդները |a1plus.am|

a1plus.am:  Լոռիում «ողորմին» ավելի հաճախ է հնչում, քան «աչքդ լույսը»։

Այս տարի Լոռու մարզում մահերը 90-ով գերազանցել են ծնունդները։ Դեպոպուլյացիան մտահոգիչ ցուցանիշ է,որը կարող է արձանագրվել նաեւ մյուս մարզերում։

«2019 թվականի առաջին եռամսյակի տվյալները երբ համեմատել ենք անցած տարվա առաջի եռամսյակի տվյալների հետ՝ արդեն 5 մարզում գրանցվել է բացասական բնական հավելաճ։ Կանխատեսված էր, որ Հայաստանում մի քանի տարի անց նոր տեղի կունենա դեպոպուլացիա, բայց արդեն ականատես եղանք»,-իր անհանգստությունն է հայտնում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։

Օձուն համայնքի Ամոջ բնակավայրի վարչական ղեկավար Հարություն Գալստյանը ենթադրում է՝ ինչը կարող է լինել այս ցուցանիշի պատճառը։

«Ա1+»-ի հետ զրույցում, որպես հիմնական պատճառ, նա նշում է արտագաղթողների թիվը։ Նա ասում է, որ հատկապես նոր կազմած ընտանիքներն են հեռանում։

«Թեղուտի և Ալավերդիի հանքերի փակումից հետո ավելացավ գործազուրկների թիվը և հիմնական դուրս գնացողները վերջին տարիներին այս հանքավայրերի աշխատակիցներն էին»,-ասում է Ամոջի վարչական ղեկավարը, ավելացնելով, որ մեծ խնդիր է նաև բնակարանային պայմանների բացակայությունը :

Մղարթ գյուղի դեպքում ավելանում է ջրի խնդիրը։ Ասում են մյուս համայնքներից աղջիկները չեն գալիս այստեղ հարս ջուր չլինելու պատճառով։

Մղարթ համայնքի վարչական ղեկավարն Ավագ Մոսինյանը ասում է՝ իրենց գյուղը մոտ 200 տարվա պատմություն ունի, և հենց ջուրն է պատճառ հանդիսացել, որ այստեղ բնակիչները հաստատվել են։

Պատմում է, որ 1988թ Սպիտակի երկրաշարժից հետո է առաջացել ջրի խնդիրը, քանի որ՝ պոմպակայանները փլուզվել են։

Գյուղացիները ջրի համար չափման միավոր են դարձել լուցկու հատիկը, նրանց խոսքով՝ ամռանը՝ ջրի հաստությունը լուցկու հատիկի պես է։

Մղարթում կա 4 բնական աղբյուր և ամեն օր գյուղի 330 բնակիչները ջրի հերթ են կանգնում, Հաճախ օգտագործման համար կողքի գյուղերից են ջուր բերում։

«20-25 տարի է դիմում ենք պատկան մարմիններին, բայց, ապարդյուն։

Վերջին մեկ տարվա ընթացքում հանդիպել եմ Վեոլիա ջրի և Ջրային կոմիտեի ներկայացուցիչներին, որոնք էլ խոստացել են գալ և ուսումնասիրություններ կատարել, բայց չեն եկել»,- ասում է Մղարթի ղեկավարը։

Գյուղի բնակիչ 60-ամյա Անահիտ Ստեփանյանը ասում է, որ ջրի բացակայության պատճառով հաճախ է մտածել հեռանալու մասին, բայց առաջ ամուսինն էր դեմ, հիմա էլ տղան. «Չեն համաձայնում, և վերջ»։

Տիկին Անահիտը երկու թոռ ունի, բայց չգիտի երեխաները ինչ ապագա կունենան գյուղում։ Շատ անգամ են ամբողջ գյուղով դուրս եկել բողոքի, բայց անօգուտ է եղել։ «Հիմա գյուղում ահավոր դատարկություն է, շատ տներ կան դատարկվել են։ Անհեռանկար գյուղ է՝ անգամ արտադրանքը չենք կարողանում իրացնել»,-ասում է տիկին Անահիտը։

Դեպոպուլյացիայի ցուցանիշն այլ է Լոռի բերդ խոշորացված համայնքի Յաղդան գյուղում։

Յաղդանը տարեկան ունենում է 6-ից 7 ծնունդ, իսկ մահացության ցուցանիշն այստեղ ցածր է՝ տարեկան 1 կամ 2 մահ է գրանցվում։

a1plus.am:  Այն հունաբնակ գյուղն է։ Այստեղ հույները հաստատվել են 18-րդ դարում:

1992 թվականից հետո Յաղդանից հույների մոտ 80%-ը մեկնել է Հունաստան։ Այսօր գյուղում ապրում են 20 հույներ և մոտ 40 կիսահույն բնակիչներ։ Յաղդանի ընդհանուր բնակչության թիվը 245 է։

Գյուղի անունը հունական է և նշանակում է յուղի մեծ կաթսա, ասում են գյուղը լեռներով է շրջապատված, դրա համար նմանեցրել են յուղի կաթսայի։

Գյուղի վարչական ղեկավար Աշոտ Ջանջուղազյանի խոսքով Ազգային ժողովից մի քանի անգամ առաջարկ է եղել գյուղի անունը փոխելու, սակայն գյուղացիները համաձայնության չեն եկել և անունը մնացել է նույնը։

90-ամյա Նատալյա տատը ազգությամբ հույն է։ Ասում է՝ երբևէ չի մտածել Հունաստան տեղափոխվելու մասին։

3 տղա ունի։ Պատմում է, որ միշտ կանչում են իրենց մոտ՝ Հունաստան։ Մի անգամ տարել են՝ երկար չի մնացել։

«Ասի չէ, իմ տնից լավ տեղ չկա, էստեղ եմ ծնվել էստեղ էլ պետք ա մահանամ։ Քանի անգամ տարան տղերքս՝ չմնացի, էլի փախա եկա ու ասի՝ տղերք ջան, թե ուզում եք երկար ապրեմ՝ թողեք ես իմ տանը մնամ»,- պատմում է Նատալյա տատիկը։

Նեղվում է, որ հիմա զրուցակից աղջիկ չունի: Հարևանին է բողոքում, որ շուտ-շուտ չի գալիս իրեն տեսակցության: Լրագրողներին բաց չէր թողնում. «Գնալու եք, էլ չգաք, հիմա եկել եք, մնացեք»:

Լրագրողական խմբի մարզային այցելությունը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ՝ ժողովրդագրական իրավիճակների բարելավման ծրագրի հանրային իրազեկման միջոցառումների շրջանակներում:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել