Լոռու մարզպետը, համայնքապետը հերքում են Լեռնապատում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձանց մասին լուրերը
16:22 - 21 մարտի, 2020

Լոռու մարզպետը, համայնքապետը հերքում են Լեռնապատում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձանց մասին լուրերը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է լուրերը, թե Վանաձորից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լեռնապատ գյուղում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձինք կան, և որ բնակիչների մուտքը Լեռնապատ սահմանափակված է։

Մարզպետը, ով ղեկավարում է նաև կորոնավիրուսի կանխարգելման մարզային շտաբը, ապատեղեկատվություն է որակել գյուղի բնակիչներից մեկի՝ սոցիալական ցանցերում արած հայտարարությունն ու հորդորել հետևել միայն պաշտոնական լրահոսին։

«Բոլոր նրանց, ովքեր փորձում են ոչ հավաստի, խեղաթյուրված կամ սխալ տեղեկատվություն պարունակող գրառումներ տարածել, հիշեցնում եմ՝ արտակարգ դրության պայմաններում նման գործելաոճը պատժելի է», - գրում է մարզպետը՝ վստահեցնելով, որ «իրավիճակը խստորեն վերահսկվում է ողջ մարզի տարածքում»։

Նույն կոչով համագյուղացիներին դիմել է նաև Լեռնապատի համայնքապետ Սարիբեկ Աբազյանը, խնդրել չհավատալ տարածվող սուտ լուրերին։

«Տեղեկացնում ենք, որ Լեռնապատ համայնքում կա վարակվածության ընդամենը մեկ դեպք, որը գտնվում է բժիշկների հսկողության տակ», - նշել է Աբազյանն ու ավելացրել, որ վարակված անձը չի բնակվում Լեռնապատ համայնքում։

«Եվս մեկ անգամ խնդրում եմ սուտ լուրեր չտարածել և ազգաբնակչությանը խուճապի մեջ չգցել», - իր հայտարարության մեջ ասել է Լեռնապատի համայնքապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել