Լուրերը, թե Գլխավոր դատախազը, ԲԴԽ խորհրդի նախագահն ու ՔԿ պետը հանդիպել են վարչապետին և համոզել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության հարցում, կեղծ են
09:45 - 24 ապրիլի, 2020

Լուրերը, թե Գլխավոր դատախազը, ԲԴԽ խորհրդի նախագահն ու ՔԿ պետը հանդիպել են վարչապետին և համոզել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության հարցում, կեղծ են

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկվանից տարբեր «լրատվական աղբյուրներից» շրջանառության մեջ են դրվում անանուն, մտացածին, ըստ էության, տիպիկ բամբասանքային բնույթի տեղեկություններ այն մասին, թե իբր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, իսկ մեկ այլ իմպրովիզացիայով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և, իբր, փորձել համոզել նրան ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու անհրաժեշտության հարցում։

Այս անհեթեթություններին անդրադառնալու կարիք չէի տեսնի, եթե, փորձելով ակնհայտ սուտը հնարավորինս համոզիչ և ճշմարտանման դարձնել, առանձին շրջանակներ չփորձեին դրանց վրա դեմքի լուրջ արտահայտությամբ «վերլուծություններ» ու մեկնաբանություններ անել։

Ստիպված եմ ուղղակի հայտարարել, որ այդ լուրերը իրականության հետ որևէ աղերս չունեն․ նման ձևաչափով, նման բովանդակությամբ որևէ հանդիպում կամ հանդիպումներ չեն եղել և չեն կարող լինել, հետևաբար Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հարցի շուրջ նման որևէ քննարկում ևս չի եղել ու չի կարող լինել։ Դա քրեական դատավարության շրջանակներում գտնվող հարց է, որը կարող է քննարկվել բացառապես այդ համատեքստում։

Հորդորում եմ ձեռնպահ մնալ երևակայության նման արգասիքներով հանրությանը մոլորության մեջ գցելու անտաղանդ փորձերից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել