ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ) ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, մշտադիտարկման շրջանակում ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկներ, և հոգեբան, այն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և հատուկ չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):

Այցի ընթացքում թիրախային և մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները՝ ըստ ուղղիչ հիմնարկի տեսակների, ներառյալ՝ սանհանգույցները և լոգասենյակները, սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, բժշկական սպասարկման և առհասարակ քրեակատարողական ծառայողների հաստիքների բավարարությունը և նրանց աշխատանքային պայմանները, դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապին և վերասոցիալականացմանն առնչվող հարցերը: