Խնդիր չենք տեսնում կալանավորվածներին երկարաժամկետ տեսակցությունների հնարավորություն տալու․ արդարադատության փոխնախարար
08:21 - 18 ապրիլի, 2019

Խնդիր չենք տեսնում կալանավորվածներին երկարաժամկետ տեսակցությունների հնարավորություն տալու․ արդարադատության փոխնախարար

ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանին հարց ուղղեց նախկինում կալանավորված անձանց երկարաժամկետ տեսակցություն թույլ չտալու պատճառների վերաբերյալ։

«Կալանավորներին երկարաժամկետ տեսակցություն տալու հնարավորության դրույթում  մարդասիրական նկատառումները հասկանալի են, այդ առումով խնդիր չկա, բայց եթե այն նախկինում չի եղել, այժմ առաջ է քաշվում, ենթադրում եմ՝ ինչ-որ պատճառներ են եղել, դիցուք՝ նախաքննության գործառույթների վրա ազդեցություն չունենալու հանգամանքը։ Արդյոք վերացե՞լ են պատճառները, եթե այդպիսիք եղել են, կամ գուցե աչքաթող է արվել, և սրանից բխող մյուս հարցս՝ արդյոք սա ենթադրում է, սա միանշանակ իրավունք է դիտարկվելու բոլոր կալանավորվածների համար, թե՞ ոչ։ Կարո՞ղ են լինել որոշ պատճառներ, որոնց հետևանքով այդ իրավունքը սահմանափակվի»։

Փոխնախարարը պատասխանեց․ «Տեսակցությունների արգելք այսպես թե այնպես կարող է դրվել կալանավորված անձի վրա՝ քննիչի որոշմամբ՝ անկախ նրանից կարճատև է թե երկարատև։ Նույնիսկ կարճատևի դեպքում չի թույլատրվում՝ հաշվի առնելով նախաքննության շահը։ Իսկ երբ նախաքննությունը այլևս նման ռիսկեր չի տեսնում, և տեսակցության արգելքը վերացվել է քննիչի կողմից, ապա ի՞նչն է խնդիրը, որ և՛ կարճատև, և՛ առավել ևս երկարաժամկետ տեսակցություններ մենք իրեն թույլ չտանք։ Որևէ խնդիր այստեղ չենք տեսնում։ 

Պատգամավորն արձագանքեց․ «Այսինքն՝ ճի՞շտ եմ հասկանում, որ երկարաժամկետ տեսակցության հնարավորություն չէր տրվում պարզապես դրա իրավական հիմնավորումը չունենալու պատճառով», ինչին Արտակ Ասատրյանը պատասխանեց՝ այո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել