Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ, առավել լրջությամբ պահպանել սահմանափակումները․ Նիկոլ Փաշինյան
11:33 - 07 ապրիլի, 2020

Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ, առավել լրջությամբ պահպանել սահմանափակումները․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ ունենք վարակվելու 20 նոր դեպք, ինչը, նախորդ օրվա հետ համեմատած, ավելի շատ է։ Վարչապետը հայտնեց, որ նախորդ օրը թեստերի քանակն ավելի քիչ է եղել, արվել է 211 թեստ։ 

‹‹Առողջապահության նախարարությունը և պարետատունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել։ Երեկ շատ բացառիկ օր է եղել նրանով, որ առողջացումով դուրս գրված պացիենտները առաջին անգամ ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները, ունենք 25 հոգի առողջացումով դուրս գրված պացիենտ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  Առողջապահության նախարարությունը պիտի ամեն ինչ անի, որ մինչև շաբաթվա վերջը օրը 1000 հետազոտության հասնենք, և այդ 1000 հետազոտությունն ավելի ամբողջական պատկերացում կտա մեր իրավիճակի մասին։ 

‹‹Առողջապահական համակարգի լարվածությունը մի փոքր նվազել է նաև այն պատճառով, որ մեր համակարգն ադապտացվել է նոր իրավիճակին, մի փոքր դուրս է եկել ցայտնոտային իրավիճակից»,- ասաց նա։ 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կա կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված 1400 մահճակալ, բայց այս պահի դրությամբ այդ մահճակալների միայն կեսն է զբաղված։

‹‹Լավ է, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում ունեցանք․ 2 հոգի, որոնք համարվում էին ծայրահեղ ծանր, արդեն ավելի լավ են, կրիտիկական հատվածից մեր բժիշկները կարողացել են դուրս բերել։ Այս վիճակագրությունը մեզ հուշում է, որ հնարավոր է՝ սահմանափակումների մեր քաղաքականությունն արդյունավետ է։ Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ, առավել լրջությամբ պահպանել սահմանափակումները, որպեսզի մենք կարողանանք երկուշաբթի օրվանից սկսել ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը նման բանի հնարավորություն տա»,- ասաց նա։ 

Վարչապետը նաև անդրադարձավ Վանաձորում տեղի ունեցած անհամաչափ թանկացումների մասին լուրերին։ Նա ասաց, որ այսօր  խորհրդակցության է տեղի ունեցել, որի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։

‹‹Ես տվել եմ համապատասխան հանձնարարականներ, որ այդ թեմայով զբաղվեն։ Այսօր ՏՄՊՊՀ նախագահն ասաց նաև, որ որոշ ապրանքատեսակների մասով որոշ գնանկում է նկատվել։ Մենք, իհարկե, կշարունակենք հետևել իրավիճակին, մոնիթորինգ անել։ Խնդիրը հետևյալն է, որ մենք թույլ չտանք որևէ չհիմնավորված գործողություն և թույլ չտանք, որ գնային շահարկումներ և չարաշահումներ տեղի ունենան՝ հասկանալով, որ կարող են նաև գների փոփոխություններ տեղի ունենալ»,- ասա նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել