azatutyun.am:   ԵՄ-ն սերտ համագործակցություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և ամբողջապես աջակցում է նրան։ Կարծում եմ՝ սա խիստ կարևոր է՝ զարգացնելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և աջակցելու Հայաստանում մարդու իրավունքներին։ Այս մասին այսօր՝ «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները և ժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկման ընթացքում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Մեզ համար շատ կարևոր է այն քաղաքական կամքն ու հանձնառությունը, որ դրսևորվում են Հայաստանում՝ մարդու իրավունքների տեղի և դերի հզորացման ուղղությամբ։ Այսօրվա միջոցառմանը Հայաստանի կողմից բարձրաստիճան ներկայացվածությունը ցույց է տալիս Հայաստանի կառավարության քաղաքական կամքը՝ հետագայում, միջազգային կառույցների հետ համատեղ, զարգացնելու մարդու իրավունքների պաշտտպանության ոլորտը։ ԵՄ գործունեությունը նպատակ ունի կանխել և նվազեցնել մարդկային արժանապատվության նկատմամբ ցանկացած բռնություն։ Խոշտանգման վերաբերյալ հրապարակումները պետք է պատշաճ քննության առարկա դառնան։ Հիմնվելով անձնական տեսակի վրա, կարող եմ ասել, որ Հայաստանում՝ այս ոլորտում, մեծ առաջընթաց եմ տեսնում»,- ասաց ԵՄ դեսպանը։