Խորը մոլորություն է, թե լավ կրթությամբ մասնագետը բարձր աշխատավարձ է ստանում․ Գայանե Այվազյան
11:08 - 29 հունիսի, 2019

Խորը մոլորություն է, թե լավ կրթությամբ մասնագետը բարձր աշխատավարձ է ստանում․ Գայանե Այվազյան

Լուսանկարի հեղինակ՝ Պերճ Արաբյան

Համահարթ հարկման, սոցիալական արդարության, աշխատողների իրավունքների պաշտպանության և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանի հետ։

Հունիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը՝ 73 կողմ և 32 դեմ ձայներով: Փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններից է եկամտային հարկի համահարթեցումը: Դուք «Ո՛չ համահարթ հարկմանը» նախաձեռնության անդամներից եք։ Օրենքն այլևս ընդունված է, ի՞նչ հետևություններ եք անում։

Սեպտեմբերից ի վեր բազմաթիվ քննարկումներ են եղել, հատկապես վերջերս ավելի ակտիվացան, բայց, ցավոք սրտի, համահարթ հարկումը ընդունվեց։ Սա այս իշխանության գլխին, կարծում եմ, պատուհաս է դառնալու։ Սա ամենևին հեղափոխական օրենք չէր, որին հեղափոխական «Իմ Քայլը» միաձայն քվեարկեց։ Բայց ես, ամեն դեպքում, չունեմ ապացույց և չեմ հավատում, որ համահարթը որպես չարիք կանխամտածված ընդունեցին։

Այդտեղ, իհարկե, նաև իրենց քաղաքական հայացքները դեր կատարեցին, և գլխավորապես Նիկոլ Փաշինյանի նախընտրությունն էր սա, որը երևի թե ուզում է տնտեսական որոշակի աշխուժություն մտցնել համահարթով, տնտեսվարողներին ինչ-որ առավելություններ տալ, շահագրգռել։ Բայց սա իր հետևանքները կթողնի, որովհետև վաղը-մյուս օրը բիզնեսմենների թակարդում կարող է հայտնվել ուղղակիորեն։

Այսքան բարձր աղքատության ցուցանիշ ունեցող երկրում փաստացի աշխատավարձ ստացողների 60 տոկոսը մինչև 150 000 դրամ աշխատավարձ է ստանում։ Նրանք ոչ միայն էական փոփոխություն չեն զգա այս փոփոխությամբ, այլև աքցիզային ավելացված հարկերը հավելյալ բեռ են լինելու։ Մարդկանց նման մեծ խումբ թողնելով անպաշտպան և հովանու տակ առնելով բիզնեսի շահը՝ շատ տարօրինակ և հեղափոխական կառավարությանն անհարիր քայլ էր։

Բայց ուրիշ հանգամանք կա․ հեղափոխությունը չի կարելի թերագնահատել։ Դա մի օրվա պրոցես չէ, դա չի սկսվել Նիկոլ Փաշինյանով և չի ավարտվելու Նիկոլ Փաշինյանով։ Իհարկե, նրա դերը անուրանալի է հեղափոխության կարևոր այս հանգրվանի համար։ Բայց այս հեղափոխությունը տարիների և տասնամյակի ճանապարհ է, որը հայ հասարակությունն անցել է և հասունացել։ Պետք չէ նստել ու սպասել վերևից եկող հրամաններին։

Չնայած ինչքան էլ մենք ականատես եղանք, որ համահարթը վերևից եկող հրամայական էր, մերժվեցին բոլոր ընդդիմախոսների առաջարկները։ Սակայն դրա ընդունման դեմ համախմբված աշխատանք կատարվեց։ Դա ինչ-որ իմաստով ինստիտուցիոնալ աշխատանք էր և ջանք, որովհետև ամեն մեկն իր ձևով ներգրավված էր պրոցեսում։

Այս նախաձեռնությունները շարունակական են լինելու։ Սա նման է մի մեծ գետի, որը հնարավոր չէ կասեցնել, փակել, ամբարել։ Այսինքն՝ այնպիսի իրավիճակ չէ, որ նստենք, սպասեք, թե վերևից ինչ են ասելու։ Իրականում ես չեմ էլ կարծում, թե այդ ամբիցիաներն ունեն ներկայիս իշխանությունները։ Ամեն դեպքում, ինչքան էլ քննադատենք, պետք է ընդունենք, որ մենք գործ ունենք որակապես այլ իշխանության հետ։

Կարծիքներ հնչեցին, որ բարձր որակավորմամբ և լավ կրթություն ստացած մասնագետները, որոնք համապատասխանաբար բարձր աշխատավարձ են ստանում, կարծես թիրախավորվում են հասարակության կողմից, և մարդիկ ցանկանում են, որ նրանք բարձր հարկեր վճարեն։ Արդյո՞ք Հայաստանում լավ կրթություն ունենալը ուղիղ համեմատական է այն բանին, որ դու ունես լավ աշխատանք։

Ամենևին փաստ չէ, որ լավ կրթություն ստացած մարդը բարձր աշխատավարձ է ստանում։ Սա թյուրըմբռնում է։ Սա խորը մոլորություն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը և իր կուսակիցները սրան հավատում են, ապա սա նշանակում է չպատկերացնել իրավիճակը։

Պատկերը բոլորովին այդպես չէ։ Մենք մեծ թվով մարդիկ ունենք, որ գիտության ոլորտի աշխատողներն են, կրթության ոլորտի աշխատողներն են, բժշկության ոլորտի աշխատողներ են և այլն։ Այսինքն՝ մի շարք ոլորտներ կան պետական սպեկտորը սպասարկող, որոնց աշխատողները հիմնականում բարձրագույն կրթություն ունեն։ Նրանց մեջ մարդիկ կան, որ շատ մեծ ռեսուրսներ և իրենց կյանքի ժամանակն են ներդրել իրենց կրթության մեջ, բայց այսօր այդ մարդիկ բարձր աշխատավարձ չեն ստանում։

Օրինակ՝ գիտաշխատողի միջին աշխատավարձը ինչքա՞ն է կազմում, կամ ուսուցչի, կամ դասախոսի, կամ բժշկի։ Սրանք լուրջ հարցեր են։ Միայն ծրագրավորողներով և ՏՏ ոլորտի աշխատողներով հարցը չի չափվում։ Չի կարելի նրանց աշխատավարձերը ընդհանրացնել և դրանց միջինացված թվերը տարածել մյուսների վրա։

Կրթությունը, իհարկե, իդեալական վիճակում չէ, բայց համենայն դեպս այստեղ առկա կրթական համակարգը ինչ պահանջներ առաջադրել է, շատ մեծ թվով մարդիկ ամենայն բարեխղճությամբ են կատարել, բայց այսօր ցածր ու ողբալի աշխատավարձեր են ստանում։


Շատ խոսվեց այն մասին, որ Հայաստանը պետք է դառնա բարձր որակավորման աշխատուժի երկիր և աշխատավոր մարդու երկիր։ ՀՀ վարչապետը իր ելույթներից մեկում նշեց, որ բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է։ Ինչ կասեք այս մասին։

Աշխատավոր և բիզնեսմեն լինելը տարբեր բաներ են։ Փաստացի մինչև հիմա մենք տեսնում ենք, որ առաջնային դիրքերում գտնվում է բիզնեսի շահը, և բիզնեսը պետական մակարդակով հովանավորելու քաղաքականություն է տարվում։ Եթե մենք փողն ենք դնում որպես նպատակ, դա շատ կարճատև նպատակ է, ոչինչ չտվող նպատակ է, մեծ հաշվով փողը պետք է ծառայեցնել ինչ-որ նպատակների։ Դեռևս չի նկատվում աշխատավոր մարդու երկիր դառնալու ճանապարհը և պարզ չէ, թե երբ կուրվագծվի։ Մենք աշխատանքային շահագործման ճանապարհով ենք գնում կարծես։


ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանը սոցիալական պետություն է։ Արդյոք հեղափոխությունից հետո դրական քայլեր նկատվում են այդ ուղղությամբ, արդյո՞ք անհրաժեշտ ենթակառուցվածքների աշխատանքները լավացել են։

Սահմանադրորեն մենք սոցիալական պետություն ենք, սա ենթադրում է սոցիալական համերաշխության միջավայր ունենալ։ Մինչև հեղափոխությունը մենք գիտեինք, որ համերաշխության ռեգիստորները բավականին խախտված են, որովհետև մենք ունենք ունևոր մարդկանց մի փոքր խումբ, և մյուս կողմում՝ աղքատ մեծամասնություն։

Հիմա, երբ մենք ԱԺ-ում բացահայտ ելույթներ ենք ունենում, որ սոցիալական արդարությունը և բարոյականությունը մենք դնում ենք մի կողմ և անցնում ենք տնտեսական ակտիվություն ձևավորելուն , սա շատ մտահոգիչ է։ Գուցե ներկայիս կառավարող ուժին թվում է, որ սա մի ինչ-որ ճանապարհ է, որը իրենք կարող են անցնել, կեսից հետ դառնալ ու սկսել կառուցել սոցիալական պետություն, բայց ես այդքան էլ լիահույս չեմ դրանում:


Մի քանի օր առաջ բավարարվեցին Մատենադարանի արհմիության պահանջները՝ ուղղված տնօրինությանը։ Մանրամասնեք խնդրեմ՝ ի՞նչ պահանջներ են եղել ձեր կողմից։

Արհմիությունը բարձրացրել էր երեք հարց․ մեզ տրամադրել 2015 թվականի Կառավարության որոշմամբ սահմանված գիտաշխատողին հասանելի 35 արձակուրդային օրը։ Մինչդեռ մենք ունեինք 20 արձակուրդային օր։

Երկրորդ հարցը՝ գիտաշխատողների հետ կնքվող ժամկետային պայմանագրերը փոխարինել անժամկետի։ Սա շատ վտանգավոր բան է, որը նախորդ իշխանություններն էին արել։ Գիտության, կրթության ոլորտը թաղել էին ժամկետային պայմանագիր կոչված երևույթի տակ։ Այսինքն՝ անընդհատ դու օդից կախված ես, տարին մեկ, երկու տարին մեկ դու անընդհատ պայմանագրեր ես փոխում։ Ես կարծում եմ, որ սա պատահական բան չէ։ Սա արել էին ոլորտը հնարավորինս լուռ և կառավարելի պահելու համար։ Սա անօրինականություն է և հակասում է աշխատանքային օրենսգրքին։

Երրորդ հարցը այն էր, որ գիտաշխատողների հաշվառման համար ներդրված են մատյաններ։ Այսինքն՝ դու գալիս ես աշխատանքի, պետք է ստորագրես և ներկա ստանաս։ Սա տհաճ պրակտիկա է բավականին: Որևէ ֆիզիկական վայրում գտնվելու հանգամանքով չի կարելի պայմանավորել գիտական աշխատանքի արդյունավետությունը։ Գիտաշխատողը որոշակի ժամկետներում որոշակի գիտական արդյունք է պարտավոր տալ։ Եվ նա դրա համար է պատասխանատու։ Դա ստեղծագործական աշխատանք է։ Միայն մեկ գրադարանով չի կարող սահմանափակվել իր աշխատանքային առօրյան։

Հաճախ մի քանի ամիս շարունակ գիտաշխատողը կարող է որևէ գրադարանում կամ արխիվում աշխատելու կարիք ունենալ։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել։ Բացի սա՝ աշխարհում ոչ մի տեղ նման երևույթ չկա, որ գիտական աշխատողը ստորագրի կամ որևէ ֆիզիկական տեղում լինելու մշտական պարտավորություն ունենա։

Գիտաշխատողն ունի թեմա, ունի ուսումնասիրության առարկա և պատասխանատու է դրանց կատարման համար։ Մնացածը հավելյալ պարտավորություններ են և հաճախ կաշկանդող։ Դա չի նպաստում աշխատանքի արդյունավետությանը։

Առաջին երկու պահանջները բանավոր բավարարվեցին, սպասում ենք իրավական ձևակերպմանը։ Երրորդի շուրջ փոխհամաձայնության պետք է գանք: Արհմիությունը նաև նամակով դիմել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ Լևոն Աբրահամյանին՝ պահանջելով կանոնադրական փոփոխություններ իրականացնել և հոգաբարձուների խորհրդի անդամների ներգրավման ավելի մասնակցային, թափանցիկ մեխանիզմներ մշակել:


Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ կարգավիճակում է Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանությունը և ինչ քայլեր են կատարվել/կատարվում հեղափոխությունից հետո՝ բարելավելու դրանք։

Իշխանության կողմից չեն եղել հայտարարություններ, սակայն իրենց շարքեում կան աշխատողների իրավունքների ջատագովներ։ Շատ կարևոր էր սոցիալական գործընկերության փաստթուղթի կնքումը։ Բայց չի կարելի մոռանալ աշխատանքային օրենսգրքի առաջարկվող խայտառակ փոփոխությունների մասին։

Հանրության համար անհասկանալի իրավիճակ է ստեղծվում, որովհետև մայիս ամսին դեռևս նշանակվել էր օրենսգրքի քննարկում և նրանք փոփոխությունների էին առաջարկում։ Բայց e-draft կայքում հայտնվեց Էկոնոմիկայի նախարարության՝ դեռևս Կարեն Կարապետյանի կողմից ներդրված փաթեթը, որը մերժվել էր: Սակայն մենք նորից տեսնում ենք, որ այդ աշխատանքային օրենսգիրքը կրկին հայտնվել է շրջանառության մեջ․ սա ենթադրում է բիզնես շահերի սպասարկում։

Առանց այդ էլ լուրջ խնդիրներ կան աշխատանքային իրավունքների պաշտպաության ոլորտում: Մարդիկ առանց հանգստյան օրերի են աշխատում, առանց ընդմիջման, աշխատում են ոչ թե 8 ժամ, այլ 12, 16 ժամ և այլն։ Իսկ այդ փոփոխություններով առաջարկվում է օրինականացնել այդ վիճակը՝ աշխատողին թողնելով իրադրության շուրջ պայմանավորվել գործատուի հետ: Սակայն պետք է հաշվի առնել, որ աշխատողը շատ ավելի թույլ դիրքում է գտնվում, քան գործատուն, և նրանք հավասար կողմեր չեն, որ կարողանան բանակցել և փոխզիջումային արդյունքի հասնել։ Սա լրջագույն ուղերձ է, որ նորից մեծամասնության շահը անտեսվում է, և սպասարկվում են փոքրամասնական շահերը։

Սակայն հեղափոխությունից հետո աշխատանքային իրավունքների պաշտպանության մասով ակտիվություն կա։ Նոր արհմիություններ են ձևավորվում։ Արհմիութենականների ձայնն ավելի լսելի է դառնում։ Այսինքն՝ գոնե այդ թեմաները շոշափվում են, քննարկվում են, մարդիկ խոսում են դրանց մասին։ Իսկ նախկինում դա չկար։ Սրանք շատ դրական միտումներ են և տեղ են բացում ներքևից եկող քաղաքականությունների համար։ Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք ունեն ինքնասիրություն։ Դա առաջին հերթին պետք է գործատուն հասկանա, որ աշխատողը ունի իրավունք։ Կարևոր է չընկրկել, չվախենալ և լինել նախաձեռնողական։

Աստղիկ Գաուդյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել