Խորհրդարանը մերժեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց գնումները թափանցիկ դարձնելու առաջարկն օրակարգ ներառելու հարցը |hetq.am|
08:17 - 29 մայիսի, 2019

Խորհրդարանը մերժեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց գնումները թափանցիկ դարձնելու առաջարկն օրակարգ ներառելու հարցը |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը լիագումար նիստի օրակարգ ներառելու հարցը, որով ընդդիմադիր խմբակցությունը փորձում էր պետական պաշտոնատար անձանց գնումները դարձնել թափանցիկ։

Ըստ գործող օրենքի՝ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Մենք նման տեղեկատվություն ունեցել ենք, և այն դարձել է գաղտնի 2017 թվականից սկսած, այն բանից հետո, երբ 2014 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր գործուղումների ժամանակ մինչև մի քանի հարյուր հազար դոլարի հասնող ծախսեր է արել։ Հետո ինֆորմացիան տեղ է գտել մամուլում և մեծ աղմուկ բարձրացրել։ Դրանից հետո նախկին ռեժիմը որոշել էր, որ այսուհետ պետք է գործի թաքուն, որ առաջին դեմքերի ծախսերը հանրային որևէ հնչեղություն չստանան»,-ասաց Գորգիսյանը։

Պատգամավորը թվարկեց վերջին տարիներին առաջին դեմքերի կատարած ծախսերը՝ 2014-ին՝ 507 մլն դրամ, 2015-ին՝ 546 մլն դրամ, 2016-ին՝ 454 մլն դրամ։
«Հանրությունը որևէ կերպ տեղեկացված չէ` դա ինչպես է ծախսվում, մեր բերած նախագիծը կապ չունի անվտանգության թուլացման հետ, խոսքը գնում է ոչ մանրկակրկիտ հրապարակելու մասին, ուղղղակի գնման արժեքների մասին, այլ ոչ թե երբ, որտեղից ինչ ձեռք բերվեց, ուղղակի ընդհանուր ծախսերի մասին, որպեսզի կարողանանք թույլ չտալ հնարավոր չարաշահումները»,-ասաց պատգամավորը։

Տեղեկացնենք, որ այս հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավորների և Գևորգ Գորգիսյանի միջև վիճաբանություն է առաջացել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որն ուղեկցվել է փոխադարձ վիրավորանքներով։

Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» օրենքից հանել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց բառը։ Պետական պահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, վարչապետի թեկնածուին՝ մինչ վարչապետ նշանակվելու հարցի լուծումը։

«Գնումների մասին» օրենքի համաձայն՝ վերը նշված անձանց անվտանգության և պետական ծառայության գնումների գաղտնիքի ապահովությունը, որում ներառված են արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սպասարկման, սպառազինության, ռազմամթերքի ձեռքբերումը, գաղտնի է»,-ասաց նա։

Պատգամավորը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին և հարցը չներառել օրակարգ՝ կարևորելով դրա լրջությունը։

«Չգիտեմ՝ ոնց պարոն Գորգիսյանը չի հասկանում կամ իրեն չեն ասել` ինչպես անի։ Ես եկել էի խնդրելու, որ այսօր քննարկենք պարոն Գորգիսյանի վարքագիծը պաշտպանության հանձնաժողովում, բայց էթիկայի հանձնաժողով ստեղծում են մի մարդու համար, ով համապատասխանում է էթիկայի նորմերին»,-ասաց Պողոսյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այս նախագծին դեմ են քվեարկել «Ելք» խմբակցության պատգամավորներով, երբ փոփոխություններ են արվել, ու այդ գնումները դարձել են գաղտնի։
«Նախագիծն անվտանգության առումով որևէ խնդիր չի առաջացնում, այն ուղղակի թափանցիկություն է ապահովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար»,-ասաց Մարուքյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն արձագանքեց՝ հանձնաժողովում մանրամասն քննարկել են այդ հարցը։

«Սա խորհրդարանական երկիր է, մենք խորհրդարանական մեծամասնություն ենք, և այո՝ մենք որոշել ենք, որ մեր երկրի բարձրագույն ղեկավարության համար այս օրենքով կա սպառնալիք։ Մենք որպես խորհրդարանական երկրի իշխող մեծամասնություն որոշել ենք, որ փոփոխությունները սպառնալիք կլինեն բարձրագույն ղեկավարության համար, և դեմ ենք քվեարկելու նախագծին»,-ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը մի քանի տող մեջբերեց նախագծից. «Ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, եթե չեք տեսնում ազգային անվտագության խնդիր, դա ձեր խնդիրն է»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դեմ են քվեարկելու նախագծին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ, դիմելով Էդմոն Մարուքյանին, ասաց, որ վերջինս մանիպուլյացիաներ է անում՝ վկայակոչելով «Ելք» դաշինքի անունը։

«Պատմական փաստեր են տեղի ունեցել, իրավիճակ է փոխվել, «Ելք» դաշինքի հայտարարությունները խնդրում եմ այլևս չվկայակոչել»,-ասաց նա։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով` քանի որ քննարկվում է նաև խորհրդարանի նախագահի ծախսերի գաղտնիության կամ թափանցիկության հարցը, ձեռնպահ կքվեարկի։

Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց 15 կողմ, 64 դեմ և 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել