Խորհրդարանը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչքան ուժեղ վերահսկողական լծակներ ունի. Նիկոլ Փաշինյան |aysor.am|
13:38 - 19 հունիսի, 2019

Խորհրդարանը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչքան ուժեղ վերահսկողական լծակներ ունի. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

lragir.am։ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետը նպատակ չունի՞ Պետական վերահսկողական ծառայությունն ու Հաշվեքննիչ պալատը ընդդիմության տնօրինմանը հանձնել:

«Ես չեմ հիշում, որ երբևէ խորհրդարանում խոսել եմ ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու մասին: Եթե չեմ սխալվում, ինձնից երկու շարք առաջ նստող քաղաքական ուժն էր այդ մասին սովորաբար խոսում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ նախորդ հարց ու պատասխանից հետո պարտավորություն էր ստանձնել, որ և ՏՄՊՊՀ-ում, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդդիմությանը կտրամադրվեն տեղեր: Դրանից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ ինքը նկատի չի ունեցել շարքային անդամներին, նկատի է ունեցել հանձնաժողովների նախագահներին:

«Տեսեք ինչ տարօրինակ է հնչում՝ Պետական վերահսկողական ծառայությունը՝ վարչապետին առընթեր, հանձնել ընդդիմությանը: Իսկ վարչապետի խորհրդականների և օգնականների ինստիտուտի մասին ի՞նչ կարծիքի եք: Ասենք՝ արժե՞ այսպիսի գաղափար քննարկել, որ վարչապետի օգնականները լինեն բոլորն ընդդիմությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Հաշվեքննիչ պալատին, Փաշինյանը նշեց, որ մեր օրենսդրությամբ այն անկախ մարմին պետք է լինի:

«ՀՀ-ում հաստատված է ազատ ընտրությունների մեխանիզմ: Եվ ժողովուրդն ըստ էության հնարավորություն ունի և ընդդիմությունն էլ ժողովրդի միջոցով վերցնել այնքան լծակներ, ինչքանով ժողովուրդը ուզում է օժտել: Եվ ես կարծում եմ՝ այդ մեխանիզմը լիարժեք աշխատում է ՀՀ-ում:

Ես ընդդիմադիր լինելով՝ նախկին իշխանություններից վերահսկողական լծակներ չեմ ուզել, որովհետև համարել եմ, որ ընդդիամդիր լինելով՝ ես ինքս ինձանով բոլոր լծակներն ունեմ: Եվ դրա համար ինձ պետք չէ, որ ինչ-որ պեչատ լինի:

Էսօր եկեք ուրիշ հարց դնենք՝ արդյոք խորհրդարանը նոր կառավարման համակարգում իր խորհրդարանական վերահսկողության ամբողջ ծավալը օգտագործո՞ւմ է, որ հիմա էլ ասում է՝ ես խորհրդարանական լծակներն սպառեցի, ինձ գործադիր լծակներ են պետք, որ ես վերահսկողություն իրականացնեմ: Կներեք, բայց այսօր խորհրդարանը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչքան ուժեղ վերահսկողական լծակներ ունի»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել