Ծառուկյանը վստահեցնում է՝ իրենց համակիրները հանրաքվեի քվեարկության հարցում ազատ են |armenpress.am|
13:59 - 03 մարտի, 2020

Ծառուկյանը վստահեցնում է՝ իրենց համակիրները հանրաքվեի քվեարկության հարցում ազատ են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ թեև չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին, սակայն քվեարկության հարցում իրենց համակիրներն ազատ են: Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Քաղաքական որոշում ունենք, որ չենք մասնակցում հանրաքվեի անցկացման գործընթացին: Բայց մեր համակիրները քվեարկության օրը ազատ են, կարող են գնալ մասնակցել»,-ասաց Ծառուկյանը:

Նա նշեց՝ ի սկզբանե կողմ են եղել հանրաքվեի գաղափարին, ձեռք են մեկնել, ցանկանալով իրավական շտկումներ կատարել, պատրաստ են եղել 24 ժամ աշխատելու, բայց դա մնացել է առանց արձագանքի: Ծառուկյանի խոսքով՝ իրենք ընդհանուր առմամբ գաղափարն ընդունում են, բայց շտկումների կարիք կար: Քանի որ իրենց առաջարկն անարձագանք է մնացել, արդյունքում իրենք էլ որոշել են չմասնակցել:

Անդրադառնալով նրան, որ «Ոչ»-ից դիմել էին Նաիրա Զոհրաբյանին՝ ընտրատեղամասերում հանձնաժողովներում անդամներ ունենալու համար, սակայն աջակցություն չեն ստացել՝ Ծառուկյանն ասաց՝ քանի որ քաղաքական որոշում է եղել, որ իրենք չեն մասնակցելու, անիմաստ են համարել դրանից հետո խառնվել այդ գործընթացներին:

Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն ավելի վաղ որոշել էր, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել