ԿԲ-ն բոլոր ռեսուրսներն ունի կայունություն ապահովելու համար. տնտեսագետը` նավթի գների անկման մասին |armenpress.am|
13:45 - 09 մարտի, 2020

ԿԲ-ն բոլոր ռեսուրսներն ունի կայունություն ապահովելու համար. տնտեսագետը` նավթի գների անկման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տրանսֆերտների զգալի նվազումը, միջազգային պահուստների էական ավելացումը կարևոր առանձնահատկություններ են նավթի գների անկման համատեքստում երկրում կայունություն պահելու համար: Նման կարծիք հայտնեց տնտեսագետ  Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջին օրերին նավթի համաշխարհային գների կտրուկ անկմանը: Հայաստանի տնտեսությունը փոխկապակցված է Ռուսաստանի և իր մյուս առևտրային գործընկերների հետ:

Հետևաբար, եթե նավթի գների անկմամբ պայմանավորված այնտեղ խնդիրներ կան, ապա դրանք կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականին: Այստեղ, սակայն, տնտեսագետը նշեց, որ, ի տարբերություն 2014 թվականին, այս անգամ պետությունը, մի քանի հանգամանքներով պայմանավորված, ունի բոլոր ռեսուրսները կայունության ապահովման համար:

«Նախ ամենակարևորը, տրանսֆերտները: Հայաստան ուղղվող տրանսֆերտները, այն է՝ ֆիզիկական անձանց անունով փոխանցումները ՀՆԱ-ի նկատմամբ, էականորեն նվազել են: Եթե 2013 թվականին այս ցուցանիշը 13 տոկոս էր, 2014 թ.՝ 10.5 տոկոս էր, ապա 2019 թվականին կազմում էր 3.7 տոկոս: Կարող ենք ասել, որ Հայաստանի տնտեսության կախվածությունն օտարերկրյա տրանսֆերտներից  3 անգամ նվազել է: Եթե վատագույն սցենարը դիտարկենք, այն է՝ ռուբլին կարժեզրկվի, կնվազեն Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները, ապա մեր տնտեսության վրա այդ ազդեցությունը կլինի չնչին: Այսինքն , այսօր մեր տնտեսությունն այդքան զգայուն չէ տրանսֆերտների նկատմամբ, որքան 2013-2014 թվականներին էր»,-ասաց Գոռ Ծառուկյանը:

Հաջորդ կարևոր գործոնը դրամի կայունությունն է, Հայաստանի միջազգային պահուստների էական ավելացումը: Տնտեսագետը նշեց, որ դրամի կայունության հաշվին Կենտրոնական բանկն արտարժույթ էր հավաքում շուկայում, համալրում միջազգային պահուստները: 2019 թվականի վերջին Հայաստանի միջազգային պահուստները 2.8 մլրդ դոլար է, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է:

«Եթե նույնիսկ միջազգային զարգացումներով պայմանավորված ոչ ցանկալի էֆեկտ լինի, ապա Կենտրոնական բանկը բոլոր ռեսուրսներն ունի, որ անհրաժեշտության դեպքում գործողությունների դիմի, բացասական հետևանքները կանխելու համար: Կայունությունը մեծ հավանականությամբ հնարավոր կլինի պահպանել»,-ասաց Գոռ Ծառուկյանը:

Մարտի 9-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար սահմանվել է 35 դոլար: Գինը 30 տոկոսից ավելի նվազել է: Նավթային ֆյուչերսների ներկայիս անկումն ամենազգալին է դարձել 1991 թվականից ի վեր, երբ ավարտվեց պատերազմը Պարսից ծոցում: Նավթի գնանշումները փլուզվել են այն նորությունների ֆոնին, որ ՕՊԷՔ-ի մասնակիցները մարտի 6-ին չկարողացան երկարացնել նավթի արդյունահանումը նվազեցնելու պայմանավորվածությունը:

Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում էր պահպանել գոյություն ունեցող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը: Տնտեսագետը նկատեց, որ այս գործընթացը սկսվել է դեռ 2019 թվականի ավարտից: Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներին, ապա Գոռ Ծառուկյանը նշեց, որ այն զգալի հարվածեց Չինաստանի տնտեսությանը, իսկ այդ երկիրը կարևոր օղակ էր համաշխարհային տնտեսության մեջ:

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել