ԿԲ-ն կոչ է անում չտրվել կարճաժամկետ ակնկալիքներին, վստահել ու աշխատել դրամով |armenpress.am|
17:30 - 15 ապրիլի, 2020

ԿԲ-ն կոչ է անում չտրվել կարճաժամկետ ակնկալիքներին, վստահել ու աշխատել դրամով |armenpress.am|

armenpress.am:  Ճգնաժամերի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը հայաստանյան ֆինանսական շուկայում փոխարժեքի կտրուկ փոփոխություններ է արձանագրում, վերջին դեպքերը նույնպես բացառություն չեն․ ԿԲ միջամտությամբ խնդիրը հարթվել է,  սակայն բանկը կոչ է անում չտրվել կարճաժամկետ սպասումներ ձևավորելուն: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ  ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ շարժեր է նկատվոմ արտարժույթի շուկայում:

Գրիգորյանը նախ հիշեցրեց, որ Հայաստանում արտարժույթի շուկան կամ փոխարժեքն ըստ էության ազատ լողացող է, ԿԲ-ն միջամտում է արտարժույթի շուկային միայն ծայրահեղ դեպքերում՝ հարթելու շուկայի պոտենցիալ կամ հնարավոր խիստ տատանողականությունը: «Այս վերջին դեպքերը նույնպես բացառություն չեն, երբ ԿԲ-ն միջամտել է շուկային՝ զուտ հարթելու համար, որպեսզի խիստ տատանողականություն մենք չունենանք: Սակայն արդեն որերորդ ճգնաժամն է, որ մենք տեսնում ենք՝ մեզ մոտ տեղի են ունենում բազմաթիվ սպեկուլյատիվ տատանումներ, որտեղ փոխարժեքի կտրուկ փոփոխություններ են կատարվում: Մեր հորդորը միշտ եղել է և շարունակում է մնալ՝ չտրվել կարճաժամկետ տատանումների նկատմամբ տարբեր սպասումներ ձևավորելուն: Պետք է պարզապես հավատալ մեր դրամին, մեր քաղաքականությանը»,-ասաց նա:

Գրիգորյանը նկատեց՝ այս պահին առկա է վերադարձ այն բնականոն նորմալ ֆինանսական շուկային ընթացքին, որը եղել է ճգնաժամից առաջ: «Մեր արժույթը դրամն է, պետք է հավատանք հայկական դրամին, աշխատենք դրամով, մտածենք դրամով»,-եզրափակեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել