ԿԳՄՍ-ն շուրջ 40 հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը
13:41 - 12 հունիսի, 2019

ԿԳՄՍ-ն շուրջ 40 հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը:

Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այդ նպատակով կրթության ոլորտում գործող շուրջ 40 հասարակական կազմակերպությունների հետ կայացած հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ակնկալելով դրա վերաբերյալ քաղաքացիական հասարակության առաջարկություններն ու դիտողությունները:

«Կրթությունը դիտարկում ենք որպես հիմնական իրավունք, այդ իսկ պատճառով կարևորվում է համընդհանուր, հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթությունը: Որպես ոլորտայինքաղաքականության հիմնական թիրախներ՝ նախագծում առանձնացվել են որակյալ կրթության ապահովումը և կրթության մատչելիության ապահովումը:

Առաջին թիրախում կարևորվել է երեք կետ՝ դասավանդողների որակի ապահովում, կրթական ծրագրերի բովանդակային արդիականացում և նյութատեխնիկական բազայի ապահովում ու սովորողակենտրոն միջավայրի ստեղծում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ որպես կրթության մատչելիության ապահովում առանձնացնելով նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը, համընդհանուր ներառականության անցումը և խոցելի խմբերի երիտասարդների ընդգրկվածության մեծացումը մասնագիտական կրթության հատվածում:

«Այս բոլոր թիրախները տեղավորված են 8 բյուջետային ծախսային ծրագրերում՝ նախնական(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական կրթություն, հանրակրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահով դպրոց, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում, կրթության ոլորտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն պատասխանել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար՝ հանդիպման կազմակերպիչները հորդորել են նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկություններն ու դիտողությունները գրավոր ներկայացնել նախարարություն, որոնք, ըստ պատասխանատուների, կքննարկվեն և հաշվի կառնվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել