ԿԳ նախարար Հարությունյանը թելադրել է Ամրակցի դպրոցում. թելադրությանը մասնակցել են նաև 50-60 տարեկանները
11:13 - 30 մարտի, 2019

ԿԳ նախարար Հարությունյանը թելադրել է Ամրակցի դպրոցում. թելադրությանը մասնակցել են նաև 50-60 տարեկանները


ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է, որ մեկնարկել է «Թելադրություն» համահայկական կրթական նախագիծը, որին մասնակցել են տարիքային տարբեր խմբերի՝ 12-13 և 50-60 տարեկան 25 մասնակից։

«ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը թելադրել է Լոռու մարզի Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցում։

Այստեղ համահայկական թելադրությանը մասնակցել է տարիքային տարբեր խմբերի՝ 12-13 և 50-60 տարեկան 25 մասնակից։

Թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար, և նվիրված է Հովհ. Թումանյանի 150-ամյակին։ «Թելադրություն» նախագիծն իրականացվել է 40 տարբեր սրահներում միաժամանակ, որոնց ցանկը նախապես հրապարակվել էր։ Մասնակիցները նախապես պետք է գրանցվեին այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակում։

Նախագծի սկզբունքներն են՝ անանունությունը, թելադրության ստուգման մասնագիտական մոտեցումը և դրա անցկացման կարգի, տեքստի ու ժամանակի միասնությունը:

Նշենք, որ այս տարի նախագիծն ընդլայնել է իր աշխարհագրությունը, և հարթակներ են բացվել նաև Ռուսաստանում՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Պոդոլսկ, Ուկրաինայում՝ Դնեպր, Բելառուսում՝ Մինսկ, Գերմանիայում` Քյոլն, Չեխիայում` Պրահա, Շվեյցարիայում՝ Նոշատել, Սիրիայում՝ Հալեպ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել