ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք․ Անի Սամսոնյան |tert.am|
16:43 - 01 ապրիլի, 2020

ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք․ Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, խոսելով Արցախում կայացած ընտրությունների մասին, լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց՝ մասնակցությունը եղել է շատ բարձր, ինչը խոսում է այն մասին, որ արցախցիները կարևորում են իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները, զգում են սեփական իշխանություն ձևավորելու կարևորությունը:

«Ինքս եղել եմ Մարտակերտի մի քանի ընտրատեղամասերում, որտեղ հայտնաբերել ենք ընթացակարգային խախտումներ, որոնք  ունեին մի քանի պատճառներ: ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք: Երկրորդը իրավական բացերն էին, որոնք, բնականաբար, պետք է շտկել: Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են շատ խաղաղ»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան»-ից Արտյոմ Ծառուկյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ ընտատեղամասերում առկա էին ախտահանող միջոցներ, բժշկական պարագաներ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընտրություններին միջազգային դիտորդների չներկայանալը խնդիր չի՞ առաջացնի ընտրությունների ճանաչման հարցում, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ որևէ պարագայում ընտրությունները կասկածի նշույլ չեն ունենալու: «Եթե համեմատական ենք անցկացնում տարածաշրջանի երկրների հետ, և ես կարող եմ ասել, որ եթե մի կողմ ենք դնում Հայաստանն ու Վրաստանը՝ իրենց ընտրությունների մակարդակով, ապա տարածաշրջանում Արցախի ընտրությունները շատ ավելի լավն են, քան հարևան երկրում»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Դիտարկմանը, թե Մասիս Մայիլյանը նախագահական ընտրություններում 2-րդն է, սակայն խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցությունը առաջին եռյակում էլ չկա, արդյո՞ք Մասիս Մայիլյանի ստացած ձայները Սամվել Բաբայանի ստացած ձայներն են, Սիմոնյանն արձագանքեց. «Մասիս Մայիլյանի ձայները Մասիս Մայիլյանի ձայներն են, Արայիկ Հարությունյանինը՝ իրենն են, Վիտալի Բալասանյանինը՝ իրենը: Ամեն մեկն իր ձայներն ունի»:

Հարցին էլ՝ մինչ ընտրությունների կայացումը ի՞նչ է զրուցել թեկնածուներից Արայիկ Հարությունյանի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նրա հետ հանդիպել ենք Արցախ գալու առաջին օրը, հաջորդ օրը հանդիպել եմ Աշոտ Ղուլյանին, այսօր զանգել եմ Մասիս Մայիլյանին, ցավոք կապնվել չի ստացվել: Որևէ բանից, որ կարող էր քաղաքականության հետ կապ ունենալ, ո՛չ զրուցել ենք, ո՛չ էլ դրա նպատակն ու իմաստը կա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել