civilnet.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր ևս ներկա չէր իր գործով դատական նիստին։ Դատարանում էր նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը։

Գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Պաշտպանական կողմը շարունակեց պնդել, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը «խոշտանգում է»։ Մեղադրող դատախազները առարկեցին՝ շեշտելով, որ ամբաստանյալի վիճակը վատթարացել է, քանի որ նա տևական ժամանակ հրաժարվել է դեղամիջոցներ ընդունելուց։

Այսօրվա նիստին որոշ ընթացակարգային հարցեր լուծվեցին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պարզող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համար։ Պաշտպանական կողմը ցանկանում էր, որ իրենց ներկայացրած փորձագետները ևս ընդգրկվեն հանձնաժողովում, սակայն դատարանը մերժեց՝ հայտնելով, որ նրանք դատարան չեն ներկայացել ու չեն իրազեկվել քրեական դատավարության նորմերի մասին։

Բացի այդ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց հանձնաժողովի կողմից դատարան հասցեագրված մի գրություն, որից պարզ դարձավ, որ խմբում ներգրավվել են նաև այլ փորձագետներ։ Դատարանը որոշեց այս փորձագետներին հրավիրել դատարան և նոր միայն ներգրավել, ուստի նիստը հետաձգվեց։