Կան համայնքապետեր, որ խնդիրներ են հարուցում ներդրողների համար․ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան |armtimes.com|
13:42 - 27 հունիսի, 2019

Կան համայնքապետեր, որ խնդիրներ են հարուցում ներդրողների համար․ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան |armtimes.com|

armtimes.com։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժգոհ է համայնքների ղեկավարների զգալի մասից։ Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ համայնքապետները չեն խախտում օրենքները, բայց խնդիրներ են հարուցում ներդրողների համար, իսկ եթե խախտում են օրենքը՝ «ոտքը դնում են օրենքից դուրս», ապա նրանց դեմ հարուցվում են քրեական գործեր։

Ղուկասյանն ասաց, որ հիմա 2-3 համայնքապետի նկատմամբ հարուցված է քրեական գործ։ Նրանց թվում, ըստ Ղուկասյանի, կան ե՛ւ քաղաքների, ե՛ւ գյուղերի ղեկավարներ։ Հարցին՝ նրանք բոլորը Հանրապետական կուսակցությունի՞ց են, մարզպետը բացասական պատասխան տվեց, սակայն անուններ չնշեց։

«Օրինակ, կան հողատարածքներ, որ համայնքային են, բայց իրականում գյուղացիներից մի քանիսը դրանք օգտագործում են որպես խոտհարք եւ համայնքնապետին ամեն հեկտարի դիմաց վճարում են 50 դոլար, եւ երբ ներդրող է գալիս, համայնքապետը փորձում է կոծկել այդ հողերի գոյության փաստը, փորձում է շարունակել գումար ստանալ։ Մենք, իհարկե, դա հայտնաբերում ենք եւ հնարավորինս արագ կանխում»,-ասաց մարզպետը։

Նրա խոսքով՝ կան համայնքապետներ, որոնք դեռ հին համակարգի, արժեհամակարգի կրողներն են, եւ իրենցից ակնկալել նոր տրամաբանության մեջ աշխատանք՝ անիմաստ է, որովհետեւ իրենք նոր փոփոխությունների կրողները չեն։

Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ համայնքների ղեկավարները ընտրված պաշտոնյաներ են, եւ նրանց հրաժարականը կարող են պահանջել միայն համայնքների բնակիչները։ Մարզպետի խոսքերով՝ շատ լավ կլինի, եթե համայնքապետներին հանրաքվեներով հետ կանչելու հնարավորություն լինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել