news.am: Կառավարությունը ծրագիր է մշակել, որով արտերկրից բարձր վերարտադրության խոշոր եղջերավոր անասուններ կներկվեն: Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով, իրենց միավորումը ստեղծել է աշխատանքային խումբ, որը կօգնի գյուղացիներին արտերկրում ընտրել խոշոր եղջերավոր անասուններ, որոնք իրենց որակական հատկանիշներով բարձր կլինեն։

Բերբերյանը նշեց, որ օգնությունը կլինի խորհրդատվության տեսքով, որպեսզի նախկինի նման չկրկնվի հիվանդ կենդանիների ներկրումը։

«Անցած տարի, գյուղատնտեսության նախարարությունը Լիտվայից ներկրեց խոշոր եղջերավոր անասուններ, որտեղ մոտ 30 անորակ, կիսահիվանդ, երկրորդ ծնելիության անասուններ կային, որը հակասում էր պայմանագրին, այսինքն գյուղացուն ուղղակի խաբել էին: Հիմա կփորձենք գյուղացուն օգնել, խորհրդատվական ծառայություն մատուցել»,– ասաց Բերբերյանը։

Նրա խոսքով սկզբում որոշել էին, որ խորհրդատվություն տրամադրեն միայն միավորման ֆերմերներին, սակայն հետո որոշեցին, որ կօգնեն բոլոր ֆերմերներին։