hetq.am։ 2018 թվականի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 6 մլրդ 923 մլն դոլար կամ ՀՆԱ-ի 55.8%-ը։ Արտաքին պետական պարտքը կազմել է մոտ 5 մլրդ 533 մլն դոլար, իսկ ներքին պետական պարտքը՝ 1 մլրդ 390 մլն դոլար։ Տարվա ընթացքում (2017 թ. դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 148.3 մլն դոլարով կամ 2.2%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 44.6%-ը։ Այս մասին նշված է Ֆինանսների նախարարության ներկայացրած 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ, որն այսօր քննարկվում է Ազգային ժողովում։ Հիմնական զեկուցողը Ատոմ Ջանջուղազյանն է։

Արտաքին պարտքի հիմնական մասը` մոտ 4 մլրդ 983 մլն ԱՄՆ դոլարը, կառավարության պարտավորություններն են, իսկ 550 մլն ԱՄՆ դոլարը՝ կենտրոնական բանկի վարկային պարտավորություններն են։ 2018 թվականին Հայաստանի արտաքին պետական պարտքը բացարձակ արտահայտությամբ աճել է 38 մլն ԱՄՆ դոլարով (16.4 մլրդ դրամով) կամ 0.7%-ով։ Աճը մեծամասամբ արձանագրվել է ի հաշիվ ՀՀ կառավարության արտաքին պարտքի։

Իսկ ներքին պարտքն աճել է 110.3 մլն դոլարով կամ 8.6%-ով։

Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության պարտքը` ներքին և արտաքին, կազմել է մոտ 6 մլրդ 373 մլն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի 51.4%-ն է։ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60%-ն է։ Այսինքն՝ այս տեսանկյունից պարտքը կառավարելի մակարդակում է։

Իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը 2018-ի վերջի դրությամբ 550 մլն ԱՄՆ դոլար է կամ ՀՆԱ-ի 4.4%-ը։

«Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է ավելի քան 370.9 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 296.7 մլն ԱՄՆ դոլարը` կառավարության և շուրջ 74.3 մլն ԱՄՆ դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով»,- նշված է հաշվետվության մեջ: Նշենք, որ խոսքն այստեղ արտաքին պարտքի տոկոսավճարների մասին է։