armenpress.am:  ՀՀ պետական բյուջեով կառավարության պարտքի մարման ու սպասարկման համար 2020-ին նախատեսված է շուրջ 449 մլրդ դրամ, որից 281 մլրդը կուղղվի պարտքի մարմանը և 168 մլրդ դրամը՝ տոկոսավճարների վճարմանը: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կայունության վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը՝ 2020թ. փոխառությունների ծրագրի ներկայացմանը:


«Կառավարության պարտքի մարմանն ու սպասարկման նպատակով պետական բյուջեով նախատեսված է 2020-ին շուրջ 449 մլրդ դրամ, որից 281 մլրդը կուղղվի պարտքի մարմանը և 168 մլրդ դրամը՝ տոկոսավճարների վճարմանը: 449 մլրդ դրամից շուրջ 47 տոկոսը բաժին ընկնում գանձապետական պետական պարտատոմսերին, 17 տոկոսը՝ եվրոպարտատոմսերին, իսկ արտաքին վարկերի մասնաբաժինը կազմում է շուրջ 37 տոկոս»,-ասաց Մարությանը:

 

Ակնկալվում է, որ 2020-ի վերջին կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը կկազմի 5.2 տոկոս, իսկ ընդհանուր սպասարկման ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2.4 տոկոսը, ինչը կգտնվի 2019-ի մակարդակի վրա

 

Նրա խոսքով՝ իրականացված գործառույթների արդյունքում ակնկալվում է, որ 2020-ի տարեվերջին արտաքին վարկերի գծով պարտքի մնացորդը կկազմի շուրջ 4.4 մլրդ դոլար, որտեղ ամենախոշոր դիրքը կպահպանի Համաշխարհային բանկը՝ ընդհանուր պարտքի 40 տոկոսը, հաջորդը՝ Ասիական զարգացման բանկը, որի կշիռը կկազմի 19 տոկոս, այնուհետև Եվրասիական զարգացման բանկը՝ 7 տոկոս կշռով: Իսկ երկկողմանի վարկերի կշիռը կկազմի ընդհանուր առմամբ 24 տոկոս, որտեղ ամենամեծ կշիռն ունեն Ռուսաստանի Դաշնությունն ու KfW բանկը՝ համապատասխանաբար 9 և 6 տոկոս: Ակնկալվում է, որ 2020 թվականի իրականացված գործառնությունների արդյունքում գործող արտաքին վարկերի գծով չմասհանված մնացորդը կկազմի շուրջ 940 մլն դոլարին համարժեք գումար, որտեղ մեծ մասը կունենա KfW բանկը՝ շուրջ 31 տոկոս, Ասիական բանկի կշիռը՝ շուրջ 22 տոկոս, Եվրասիական զարգացման բանկինը՝ 17 տոկոս և Համաշխարհային բանկի կշիռը՝ շուրջ 24 տոկոս: