armenpress.am:  Ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ ձեռք բերելու համար պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: 2018 թ. մեկնարկած ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Ըստ այդմ՝ առաջարկվում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարել համապատասխան լրացում, որով ագրոպարենային, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտները լիզինգով կկարողանան ձեռք բերել հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ, ինչպես նաև գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ։ Արդյունքում կավելանան ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների քանակները։ Ըստ հիմնավորման՝ ավելացվել է ծրագրի ընդգրկման շրջանակը կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստերներով և կառավարության համապատասխան որոշմամբ որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվելու է 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։

 

Վարչապետն ընդգծել է որոշման ընդունման կարևորությունը և նշել. «Դրա դիմաց մենք հաջորդ տարի ակնկալում ենք արտահանման ոչ թե 50, այլ 75 և ավելի տոկոս աճ՝ սրանից բխող հետևանքներով»:

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որոշմամբ առաջարկում է ամփոփել 2020 թ. բյուջետային գործընթացի այս փուլը: «Այս որոշման ընդունմամբ հնարավորություն կունենանք մեկնարկել բյուջեի կատարման գործընթացը: Բացի նրանից, որ թվային ցուցանիշները բաշխված են ըստ եռամսյակների, նաև տրված են այն լուծումները, որոնք գործող օրենքներով վերապահված են կառավարությանը՝ որպես լիազորություն սահմանել այն կանոնները, որոնցով բյուջեի կատարման գործընթացը կկազմակերպվի»,-նշել է նախարարը: