Կառավարությունը հաստատեց «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ. ռազմավարությունը:

Առաջիկա տասը տարիների տեսլականն է գյուղական տարածքների ներառական զարգացումը և բարգավաճումը, գյուղական երիտասարդության զբաղվածության ապահովումը, կլիմայական փոփոխություններին հարմարվողականությունը, երկրի բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, պարենային ապահովության բարելավումը և սննդամթերքի անվտանգության լավագույն համակարգի ներդնումը, գյուղատնտեսական բարձրարժեք ապրանքների արտահանման խթանումը։

Արդյունքում նախատեսվում է ավանդական փոքրածավալ արտադրությունից անցում կատարել դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության։ Կայուն զարգացման ռազմավարությունը հիմնված է յոթ սկզբունքների վրա և միտված է ներառական աճին, գենդերային հավասարությանը և ինստիտուցիոնալ կայունությանը: Այդ սկզբունքները վերածվելու են նպատակների և դրանցից բխող միջոցառումների՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի գերակայությունները։