Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախանշվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա տարիների առաջնահերթությունները, որոնք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը:

Ռազմավարական ծրագրով ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակներ և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողություններ (միջոցառումներ), որոնք ընդգրկում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա 5 տարիների զարգացման ուղղությունները՝ հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործման, հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման, ստվերի դեմ պայքարի, ենթակառուցվածքների արդիականացման, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման բնագավառներում: