Կառավարությունը հավանություն տվեց 3 միջազգային համաձայնագրերի. ընդհանուր գումարը կազմում է 65 մլն եվրո |armtimes.com|
12:21 - 20 փետրվարի, 2020

Կառավարությունը հավանություն տվեց 3 միջազգային համաձայնագրերի. ընդհանուր գումարը կազմում է 65 մլն եվրո |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց միանգամից երեք միջազգային համաձայնագրեր:

Դրանցից առաջինը ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «ԵՄ-ն էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագիրն է, որը, ըստ նրա բաղկացած է 5 մլն եվրո Սեւանա լճի մաքրման, 3.7 մլն եվրո էներգոարդյունավետության համար եւ եւս 17 մլն եվրո հատկացվել է հարեւանության ներդրումային հարթակ գործիքով:

«Նպատակները Սեւանի ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավումն է, էներգոարդյունավետության մասով օրենսդրության մոտարկումը: Իսկ 17 մլն եվրոն լավ ծրագիր կլինի, որովհետեւ ամբողջությամբ պետք է հանդիսանա մանրածախ վարկերի գրանտավորման գործիք: Ըստ էության, բազմաբնակարան շենքերի էներգախնայողության նպատակով իրականացվող բարենորոգման կամ նորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով: Սեւանի մասով համակարգող կլինի Շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ մյուս երկու բաղադրիչով՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը»,- ասաց փոխվարչապետը:

Երկրորդ համաձայնագիրը «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագիրն է: Առաջին բաղադրիչը համայնքների տնտեսական զարգացումն է՝ 10.1 մլն եվրո. «Սա ենթադրում է, որ պետք է բացահայտվեն եւ ձեւավորվեն ակտիվ խմբեր, որոնք համայնքի համար իրականացնում են տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են բոլոր տնտեսավարողների բիզնեսի կամ նախաձեռնությունների զարգացմանը: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է աշխատանքային միգրանտների բիզնեսներին»,- ասաց Գրիգորյանը:

Երրորդ համաձայնագիրը վերաբերում է SEPA-ի իրագործմանը, այսինքն ճանապարհային քարտեզին, որին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել. «Առաջին բաղադրիչը 18.7 մլն եվրո է կազմում, որը հենց համաձայնագրի կիրառման աջակցությունն է: Դա ենթադրում է բարձր մակարդակի փորձագետների ներգրավում ըստ ոլորտների: Երկրորդը՝ ԵՄ տների հանգույցների ձեւավորումն է, որը հիմնականում ունի տեղեկատվական եւ միջոցառումների կազմակերպման ֆունկցիա իրականացնելու տրամաբանություն: Այստեղ եւս 2 մլն եվրո հատկացնում է Արեւելյան գործընկերության հարթակ գործիքը եւ ենթադրվում է քաղհասարակության աջակցություն՝ համաձայնագրի կիրարկման մոնիտորինգի համար: Սա իրականացնելու է ԵՄ Հայաստանի գրասենյակը:

Երրորդ բաղադրիչը որակի ենթակառուցվածքների բարելավումն է՝ 4 մլն եվրո, չափագիտական լաբորատոր հզորությունների արդիականացում եւ փորձագիտական աջակցություն: Դա ըստ էության, ենթակառուցվածք է, որը նպաստելու է Եվրոպա արտահանման խթանմանը: Ընդհանուր բյուջեն 65 մլն եվրո է, որը կրկնակի ավելի է քան 2018 թվականին»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլոր երեք համաձայնագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 65 մլն եվրո:

Փոխվարչապետն ընդգծեց, որ խոսքը 2019-ի համագործակցությանն է վերաբերում. «Մենք հիմա 2019-ի ամփոփումն ենք անում: 2020 թվականի համաձայնագրերի բյուջեն ավելին կլինի, քան 2019-ինը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել