tert.am։ Այսօր կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Ըստ հիմնավորման՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի լուծարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման, համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման և ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացի կարևորությունը:

Նախագծի մշակումը պայմանավորված է նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ: Սույն ռազմավարության նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ խնամքի կարիք ունեցող տարեց անձանց ծառայությունների մատուցումն է՝ նրանց շուրջօրյա խնամքը հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով, ինչն ավելի արդյունավետ է:

Նախագծում նշվում է, որ ներկա դրությամբ Կառավարությունը որդեգրել է խնամքի ծառայությունները հիմնականում պատվիրակման միջոցով իրականացնելու քաղաքականություն, որն ուղղված է ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը, և այս գործընթացն ունի ընդլայնման և զարգացման միտում:

Կազմակերպության լուծարումից գոյացած դրամական միջոցները կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե, որն ամբողջությամբ կուղղվի տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների իրականացմանը:

Ավելին՝ tert.am-ում