Կճոյանը մանրամասն ցուցմունք է տվել. նա առաջադրված մեղադրանքը շինծու է որակում |armtimes.com|
16:36 - 16 ապրիլի, 2020

Կճոյանը մանրամասն ցուցմունք է տվել. նա առաջադրված մեղադրանքը շինծու է որակում |armtimes.com|

armtimes.com: Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով օրեր առաջ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում՝ այն որակելով անհիմն եւ շինծու:

Այս մասին ասաց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ Կճոյանը տվել է մանրամասն, բազմակողմանի ցուցմունք:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը, 2010 թ.-ին իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, -խմբ.) խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու համար շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը Փայլակ Հայրապետյանի մասին է,-խմբ.), ձեռք բերել նրան եւ նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել եւ անարգել տնօրինել է 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցների: Ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Աշոտ Սուքիասյանն այս գործի անջատված մասով մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման. ամիսներ առաջ, սակայն, Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա մասնակի արդարացվել էր:

Այս գործով տուժող Փայլակ Հայրապետյանի եւ Նավասարդ Կճոյանի մասով շարունակվող գործը ամիսներ առաջ Քննչական կոմիտեում վերաբացվել է: Ըստ Կճոյանի պաշտպանի՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք ներկայացվել է այն ձեռագրաբանական փորձաքննությունը, ըստ որի՝ այդ ընկերության ստեղծման փաստաթղթերում, որին, ըստ վարույթն իրականացնող մարմնի, փոխանցվել են գումարները, առկա է հենց Հայրապետյանի եւ Կճոյանի ստորագրությունը, ինչը, սակայն, պաշտպանի խոսքով, որեւէ էական նշանակություն չունի:

Նոր ընթացք ստացած գործի մասին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյաննի պաշտպան Հովիկ Արսենյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

- Պարոն Արսենյան, Ձեզ հայտնի՞ է՝ ինչպես է այս գործը փոխանցվել ԱԱԾ-ին:

- ԱԱԾ-ին կամ Դատախազությանը հարցրեք, թե ինչն է պատճառը, որ ՔԿ-ում քննվող գործը վերցվել եւ տրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Ինձ հայտնի չէ, ամեն դեպքում, Փայլակ Հայրապետյանի՝ ձեզ տված հարցազրույցից հասկանալի էր, որ դա տեղի է ունեցել այս 6 ամիսների ընթացքում: Հարցը նրանում է, թե ինչպես են Կճոյանին մեղադրանք առաջադրել մի հոդվածներով, որոնցով Աշոտ Սուքիասյանը ճանաչվել է անպարտ, իսկ դրա դեմ տարված վճռաբեկ բողոքով դեռեւս որոշում չկա: Դա նշանակում է, որ իրավապահ մարմիններին արդեն հայտնի է Վճռաբեկ դատարանի սպասվելիք որոշումը, այն է՝ կբավարարվի դատախազության բողոքը: Չեմ կարծում, թե մենք այսքան տարիներ պայքարել ենք նախորդ իշխանությունների դեմ եւ անընդհատ ասել, որ պետք է հասնենք նրան, որ արդարադատությունը իսկապես աշխատի, որպեսզի այսօր տեսնենք այս իրավիճակը:

- Աշոտ Սուքիասյանի արդարացումը ի՞նչ կապ ունի Կճոյանի մեղադրանքի հետ, եթե այս դեպքում որպես նոր երեւան եկած հանգամանք այդ ստորագրություններն են դիտում:

- Կապը այնքանով է, որ եթե գործով չկա խարդախություն, փողերի լվացում, այդ ո՞նց են Կճոյանին նման մեղադրանք առաջադրում:

- Բայց Վերաքննիչի այդ որոշումը կոնկրետ Սուքիասյանի մասով չէ՞:

- Գրվում է՝ նախնական համաձայնությամբ, էլ ի՞նչ մասով, ամբողջ գործի մեջ կամ խարդախություն եւ փողերի լվացում կա կամ չկա:

- Հիմա ընկերության հիմնադրման համար ստորագրելու հանգամանքը Կճոյանը չի՞ հերքում:

- Ոչ, չի հերքում, բայց դա իրավունք չի վերապահում որեւէ քննչական մարմնի նոր երեւան եկած հանգամանք համարել եւ առանց վկայի լրացուցիչ հարցաքննության միանգամից մեղադրանք առաջադրել, թե նախնական համաձայնությամբ հափշտակել է 12 միլիոն դոլար գումար:

- Այսինքն՝ նրան կանչել են անմիջապես մեղադրանք առաջադրելո՞ւ:

- Այո, սա է ամբողջ խնդիրը: Եւ ես ուղղակի պաշտոնապես հայտարարում եմ՝ գործով անցնող Աշոտ Սուքիասյան կլինի, Փայլակ Հայրապետյան կլինի թե այլ անձինք, ինչպես որ գրված է, գեթ մեկին թող բերեն կամ մատնացույց անեն մի փաստական տվյալ, ապացույց, որ Կճոյանին առաջարկվել է կամ տրվել այս ամբողջ գումարից գեթ մեկ ցենտ: Նման բան գոյություն չունի:

- Այդ այլ անձինք ո՞վքեր են, անուններ նշվո՞ւմ են:

- Չէ, ոչ մի անուն գոյություն չունի: Ես մեղադրանքի ծավալից դուրս իրավունք չունեմ խոսելու, քանի որ պարտավորվել եմ նախաքննության գաղտնիք չհրապարակել, ես ընդամենը այդ կեղծ կամ շինծու ամբաստանության մասին եմ խոսում, եւ եթե ԱԱԾ-ն դա էլ չհրապարակեր, բնականաբար, ես էլ մեկնաբանություն չէի տա:

- ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին հիշատակում չկա՞:

- Ոչ, չկա: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան տարօրինակ բաներ գոյություն ունեն:

Պարոն Արսենյան, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռք է բերել ավելի քան 11 միլիոն դրամի անշարժ գույքեր, որոնք գրավադրվել են բանկերից մեկում: Ի՞նչ անշարժ գույքերի մասին է խոսքը:

- Դա արդեն Փայլակ Հայրապետյանին հարցրեք, նրա գույքն է:

- Եթե Նավասարդ Կճոյանը չի ընդունում, որ դրանք միտված են եղել հանքարդյունաբերության գործին, ըստ նրա՝ ի՞նչ նպատակով է անհրաժեշտ եղել այդ գումարը, թե՞ նա առհասարակ չի ընդունում, որ գումար է վերցրել:

- Գործով չկա եւ չի էլ կարող լինել ապացույց, որ մեկ ցենտ գումար հայտնվել է Սրբազանի մոտ:

- Այդ պարագայում ի՞նչ է դրված նրա մեղադրանքի հիմքում:

- Դրել են էլի՝ պահի իրավիճակից ելնելով, ես չգիտեմ՝ ում սիրտը շահելով կամ ինչ նպատակ հետապնդելով: Ինձ համար անհասկանալի ու զարմանալի է:

- Նրա դեմ ցուցմունք կա՞:

- Ի՞նչ ցուցմունք, ո՞ւմ կողմից: Իրական կյանքում Փայլակ Հայրապետյանն իմ պաշտպանյալի հետ այս գործընթացների ոչ սկզբում, ոչ ընթացքում առնչություն, ընդհանուր զրույց, պայմանավորվածություն չի ունեցել:

- Առերեսո՞ւմ էլ չի եղել Ձեր պաշտպանյալի եւ Փայլակ Հայրապետյանի կամ Աշոտ Սուքիասյանի մասնակցությամբ:

- Չէ, չի եղել, որեւէ քննչական գործողություն չի կատարվել:

- Հիմա ձեռագրաբանական փորձաքննության եզրակացություն կա՞ գործի նյութերում:

- Կարծեմ տուժող պարոն Հայրապետյանը արդեն իսկ ասել է այդ մասին: Բայց դա ի՞նչ է նշանակում. ես ու Դուք ստեղծել ենք մի ՍՊԸ՝ 50/50 բաժնեմասերով: Դա դեռեւս չի նշանակում, չէ՞, որ ուղղված է գույք հափշտակելում կամ փողերի լվացմանը: Դրան արդեն թող տնօրենը պատասխանի՝ Աշոտ Սուքիասյանը: Բոլոր դեպքերում, իմ պաշտպանյալը երբեւիցե չի հետաքրքրվել, թե ինչպիտի ֆինանսական գործառույթներ է իրականցրել Աշոտ Սուքիասյանը, եւ այդ գումարը որտեղ կամ ում մոտ է հայտնվել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել