Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից քաղաքապետարանը գրություն է ստացել, որից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայի 15 եւ 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձեւակերպված ավարտական ակտի՝ ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի 1-ին մաս):

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ըստ այդմ, կասկած կա, որ շինարարության ավարտը փաստագրող պատասխանատու անձանց արարքներևը կարող են պարունակել հանցագործության հատկանիշներ: Սա այն շենքն է, որի դիմացի զավթած մայթը երեկ մաքրում էին քաղաքապետարանի աշխատակիցները, որի կառուցապատողը փաստացի տարածքներ էր զավթել նաեւ հարեւանությամբ գտնվող դպրոցից»,-գրել է Կարապետյանը։