Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին առանձնակի ուշադիր լինել այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ․ վարչապետ |armtimes.com|
13:41 - 30 մարտի, 2020

Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին առանձնակի ուշադիր լինել այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Վերջին տվյալների թարմացումը հետեւյալն է. այս պահին կա 482 հաստատված դեպք, որից 58-ը վերջին 1 օրվա ընթացքում։ Այս մասին կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Այս պահին կան 14 ծանր եւ 1 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք, սակայն, նրա խոսքով, հավանաբար ծայրահեղ ծանրը ծանր վիճակի կգա»,- նշեց Թորոսյանը: Նա հավելեց, որ 58 դեպքերից մեկը գրանցվել է բանակում։ 

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք այդ 14 հիվանդների հետ կապված կանխատեսում կարող են անել, թե ինչ վիճակի կհասնեն, Թորոսյանը պատասխանեց. «Իհարկե, որոշակի կանխատեսումներ կարող ենք անել. նման վիճակագրություն կա համաշխարհային, որ եթե պացիենտը ինտենսիվ թերապիա է անցնում ռեանիմացիայում, ապա հիմնականում 50 տոկոսն անցնում է ինտուբացիայի։ Այդ ինտուբացիայի փուլն արդեն շատ ծանր փուլ է լինում, սակայն մեր թվերը փոքր են, եւ կանխատեսում անել մեր թվերի վրա, սխալ է։ Ամեն կոնկրետ պացիենտի քրոնիկական հիվանդություններն են ի վերջո որոշում ելքը»։

Թորոսյանն ասաց, որ ինտենսիվ թերապիայի փուլում գտնվող պացիենտները, բացի մեկից, որն ուշ է դիմել, խրոնիկական հիվանդություններ ունեն։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շաբաթ օրը կորոնավիրուսից մահացած 2 քաղաքացիների դեպքին. «Ցավոք, շաբաթ օրը 2 մահվան դեպք ունեցանք։ Ես ուզում եմ ցավակցել հարազատներին մահվան կապակցությամբ եւ ուզում եմ ասել, որ 2 պացիենտն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ։ Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն՝ զարկերակային ճնշում, երկրորդն ունեցել է էլի սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա՝ սրտամկանի ինֆարկտից եւ ինսուլտից հետո առաջացած հետեւանքներ։ Հատկապես այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնակի ուշադրություն է պետք, որովհետեւ նրանք մեծ ռիսկի դաշտում են հայտնվում։ Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին առանձնակի ուշադիր լինել այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել