Կոչ եմ անում մտածել ընտրությունների հետաձգման հարցի շուրջ. ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակի տնօրեն
12:16 - 27 մարտի, 2020

Կոչ եմ անում մտածել ընտրությունների հետաձգման հարցի շուրջ. ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակի տնօրեն

ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակի տնօրեն Հովսեփ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես գիտեք, մարտի 31-ին Արցախում կայանալու են համապետական ընտրություններ։

Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ պետական բյուջեից «Իրազեկ Քաղաքացիների Միավորման Ստեփանակերտի Գրասենյակ» ՀԿ-ն, որի գործադիր տնօրենն եմ, ստացել է 80 միլիոն ՀՀԴ դրամաշնորհ։ Անկախ ամեն ինչից, ստեղծված իրավիճակում մեր կազմակերպության բոլոր աշխատողներն այս պահին շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։

Այո, Արցախում ժողովրդավարական արժեքներն առաջնահերթություն են և մենք ունենք շատ նվիրյալներ, ովքեր անկախ ստեղծված վիճակից աշխատում են և կաշխատեն դիտորդական առաքելության համար։ Պետք է նշեմ նաև, որ թե մեր կազմակերպությունը, թե Արցախի ԿԸՀ-ն, թե ՀՀ կառավարությունը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել և ձեռնարկում ենք Արցախցի ընտրողների և մեր դիտորդների առողջության համար։
Սակայն կան օբյեկտիվ պատճառներ, որոնք խոչընդոտում են թե դիտորդական աշխատանքները, թե ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։ Արցախում ընտրողները կանգնած են շատ բարդ ընտրության առջև՝ ընտրել ժողովրդավարությունը, թե սեփական առողջությունը։

Որպես ՀՀ հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող շարքային քաղաքացի, ևս մեկ անգամ շեշտում եմ, մեր կազմակերպությունը կատարել է իր պարտավորությունները և կատարել է այս դժվարին պայմաններում։ Ավելին՝ մենք աշխատելու ենք միչև վերջ, և հաշվետու ենք ծախսած յուրաքանչյուր լումայի համար։

Որպես կազմակերպության գործադիր տնօրեն, շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր դիտորդներին, կամավորներին և աշխատակիցներին, Արցախում և ՀՀ-ում այս դժվարին պայմաններում իրենց աշխատանքը շատ լավ կատարելու համար։ Դուք ՀԶՈՐ եք! Խնդրում եմ անկախ ամեն ինչից շարունակել աշխատել միասին, Արցախում իրոք շատ ապահով է, բոլոր ՀՀ-ից եկող դիտորդներին էլ մեկնումից առաջ թեսթավորվելու են։
Որպես մարդ, կոչ եմ անում Արցախի Հանրապետության իշխանություններին մեկ անգամ ևս մտածել ընտրությունների հետաձգման հարցի շուրջ։

Հ․Գ․ Մենք պատրաստել ենք նաև սոցիալական գովազդներ, որոնցից մեկի կարգախոսն է «Արցախի ապագան վեր է անձնական շահից», ի նկատի ունենալով կաշառքի բացառումը, սակայն այսօր այդ կարգախոսն առավել արդիական է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել