Կոչ ենք անում գործող իշխանություններին վերանայել հանքերի ոլորտում ստեղծված մտահոգիչ իրավիճակը. «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությունը
09:07 - 11 սեպտեմբերի, 2019

Կոչ ենք անում գործող իշխանություններին վերանայել հանքերի ոլորտում ստեղծված մտահոգիչ իրավիճակը. «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հանրային մտահոգությունների ողջ թնջուկը ակնհայտ են դարձնում հանքարդյունաբերության ասպարեզում պետական քաղաքականության խոցելիությունը:

Վարչապետ Փաշինյանի կոչը՝ ապաշրջափակելու հանքավայրը և դրան անմիջաբար հաջորդած «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կոշտ պատասխանը Հայաստանում իշխանության և հանրության միջև լարվածության դաշտ են ստեղծում, որից պետք է հնարավորինս արագ ձերբազատվել:

«Ժառանգությունը» վերստին պնդում է, որ անհրաժեշտ է սկսել հանրային-քաղաքական անաչառ քննարկումների շրջան, որի ընթացքում կառավարության անդամների, մասնագետների, քաղաքական ուժերի և հասարակական վստահություն ունեցող իրազեկ գործիչների հետ կճշգրտվեն հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունները, կթիրախավորվեն նախորդ իշխանությունների օրոք այս բնագավառում թույլ տված սխալներն ու բացթողումները, և կգտնվեն փոխադարձ ընդունելի, հավասարակշռված որոշումներ:

«Ժառանգությունը» համոզված է, որ ստեղծված իրավիճալի ազգաշահ կարգավորման հիմքում պետք է ընկած լինի պետական մասնակցության դերի աստիճանական մեծացումը հանքերի և բնական պաշարների կառավարման ոլորտում: Անթույլատրելի է հանքերի և էներգետիկ ռեսուրսների 100 տոկոս սեփականաշնորհումը տարբեր ընկերությունների, որն անխուսափելիորեն հանգեցրել է ու առաջիկայում էլ հանգեցնելու է Հայաստանի պետական շահի և քաղաքացիների սահմանադրական իրավունքների անտեսման:

Այս խնդրի հետ կապված հավատարիմ մնալով մեր որդեգրած մոտեցմանը՝ կոչ ենք անում գործող իշխանություններին վերանայել այս ոլորտում ստեղծված մտահոգիչ իրավիճակը, իրավական-օրենսդրական ճանապարհով գնալ պետության՝ հանքարդյունաբերական, էներգետիկ ոլորտի ձեռնարկություններում ունեցած բաժնեմասի մեծացմանը, որը թույլ կտա մասնակցել որոշումների կայացմանը՝ պաշտպանելով մեր ազգային պետական շահերը, իսկ հնարավորության դեպքում ձեռք բերել արգելափակող փաթեթ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ 10-25% պետական բաժնեմասի առկայության պարագայում հնարավոր է համակշռել բոլորի շահեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել