Կոռեկտ չէ խոսել 5.3 մլրդ վնասի մասին, երբ «Սանիթեք»-ի տարեկան ամբողջ շրջանառությունը 5.2 մլրդ դրամ է. հայտարարություն
10:16 - 30 սեպտեմբերի, 2019

Կոռեկտ չէ խոսել 5.3 մլրդ վնասի մասին, երբ «Սանիթեք»-ի տարեկան ամբողջ շրջանառությունը 5.2 մլրդ դրամ է. հայտարարություն

Համաձայն մամուլում դատախազության կողմից տարածված հայտարարության` Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց և «Սանիթեք» ընկերության իրավասու անձանց կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով Երևանի համայնքին պատճառվել է 5.3 մլրդ դրամ վնաս, ներկայացնում ենք մեր հայտարարությունը: Այս մասին ասված է «Սանիթեք» ընկերության տնօրինության տարածած հաղորդագրության մեջ:

«Կոռեկտ չէ հերթական անգամ դատախազության կողմից աղաղակող 5.3 մլրդ դրամի վնասի մասին պաշտոնապես հայտարարելն այն պայմաններում, երբ «Սանիթեք» պայմանագրերի տարեկան ամբողջ շրջանառությունը չի գերազանցում անգամ 5.2 մլրդ դրամը։

Հաղորդագրության մեջ նշված փաստերը խեղաթյուրում են ողջ իրականությունը և արդյունք են մակերեսային վերլուծությունների, և կարծում ենք, նպատակ են հետապնդում արդարացնել պետական մեքենայի բոլոր լծակների օգտագործմամբ «Սանիթեքին» վերացնելու Երևանի քաղաքապետի ծրագիրը։

Վերջինս իր կյանքի նպատակին հասնելու համար դիմում է բոլոր հնարավոր մեթոդներին՝ այս ամենին մասնակից դարձնելով ողջ լրատվական դաշտը, ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ ՊԵԿ-ի, ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս պետական շահերի պաշտպանության վարչությանը, ՄԻՊ գրասենյակին և բոլոր հնարավոր այլ մարմիններին:

Այժմ ցանկանում ենք անդրադառնալ հայտարարությունում խեղաթյուրված յուրաքանչյուր փաստին հնարավորինս կարճ և հասկանալի։

Ընկերությունը հերքում է, որ մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող փաստաթղթերում առկա է որևէ ակնհայտ կեղծ տվյալ, քանի որ բոլոր ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը և կարող են ստուգվել ցանկացած վարույթի շրջանակներում:

Բանկի կամ վարկային կազմակերպության ընկերության կողմից տրված երաշխիքներ չտրամադրելու արդյունքում համայնքին 1.607.721.900 ՀՀ դրամ վնաս պատճառելու մասով, նշենք, որ «Սանիթեք»-ը պայմանագրային իր պարտականությունները կատարել է բարեխղճորեն և առ 2018 թվականը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն առկա են եղել։

Հատկանշական է, որ 1.607.721.900 ՀՀ դրամ վնասը 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված տեխնիկայի և աղբանանների հանրագումարն է: 2019 թվականի տարեկան համաձայնագրի կնքման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից չի պահանջվել տվյալ տարվա համար նախատեսված բանկի կամ վարկային կազմակերպության ընկերության կողմից տրված երաշխիք։ Հետևաբար նույնիսկ եթե հիմնավորվի, որ նշված գումարը վնաս է, այլ ոչ թե քաղաքապետի կողմից չհիմնավորված ծախս, ապա դրա համար պատասխանատու է քաղաքապետ Հայկ Մարությանը:

16.000 հատ 1100 լիտրանոց աղբի կոնտեյներների մատակարարման տեղադրման, աղբի հավաքման, հեռացման դրանց լվացման, վերանորոգման փոխարինման աշխատանքներ համար վճարված 1.8 մլրդ դրամի վերաբերյալ հայտնում ենք, որ դա հանդիսանում է քաղաքապետի վառ երևակայության և պայմանագրի պայմանների յուրովի, իրեն ձեռնտու տարբերակով մեկնաբանելու արդյունք, քանի որ պայմանագրի էությունից բխում է, որ աղբահանություն իրականացնող օպերատորները նշված քանակի աղբամաններ պետք է ապահովեն իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, պարբերաբար։

Ըստ պայմանագրի օպերատորները պետք է սկզբից ապահովեին քաղաքապետարանի կողմից սահմանված տեղերին համապատասխան անհրաժեշտ քանակի աղբամաններ, որոնք ըստ քաղաքապետարանի կողմից ներկայացված տեղակայման վայրերի կազմել է շուրջ 10.000 հատ, ինչն ամբողջությամբ օպերատորները ապահովել են։

Բացի այդ օպերատորները պարտավորվել են նաև նոր տեղակայման վայրեր սահմանվելու կամ տեղադրված աղղբամանները վնասվելու, մաշվելու դեպքերում իրենց հաշվին ապահովել նոր աղբամաններ, որոնց ընդհանուր թիվը պայմանագրի ողջ գործողության ընթացքում, արդեն իսկ տեղադրվածների հետ միասին չէր կարող գերազանցել 16.000 հատը։ (կարող եք լսել նաև 3.45-րդ րոպեում)

Ինչ վերաբերվում է հայտարարությունում նշված գոյություն չունեցող 4000 հարթակների մաքրման աշխատանքների դեմ վճարելուն, այն դեպքում, երբ կառուցված է ընդամենը 459-ը, հայտնում ենք հետևյալը։

Այս տեղեկատվությունը ակնհայտ ապատեղեկատվություն է և նպատակ է հետապնդում մոլորության մեջ գցել հանրությանը և ևս մեկ անգամ վնասել «Սանիթեք» ընկերության հեղինակությունը։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Երևանում առկա են աղբամանների տեղակայման շուրջ 4000 վայրեր, որոնցից միայն 459-ում կա կառուցված հարթակներ (հարթակներ կառուցելը հանդիսանում է քաղաքապետարանի պարտականությունը)։ Եթե քաղաքապետարանը ժամանակին չի կառուցել նշված հարթակները, դեռևս չի նշանակում, որ քաղաքում չեն եղել աղբամանների տեղակայման վայրեր։

Հետևաբար, «Սանիթեք»-ին վճարվել է ոչ թե գոյություն չունեցող հարթակների մաքրության համար գումարներ, ինչպես նշվել է հայտարարության մեջ, այլ իրականում վճարվել է աղբամանների տեղակայման 4000 վայրերի մաքրման աշխատանքների համար, որոնցից 459-ում է միայն կառուցված են եղել հարթակներ։

Ինչ վերաբերում է քաղաքապետի մոտ առկա այն հետապնդող մտքին, որ աղբամանները պետք է լինեն մետաղական, ապա հայտնում ենք, որ աղբահանության ժամանակ օգտագործվող տեխնիկան, ինչպես նաև աղբամանները համապատասխանում են Պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված EN840 ստանդարտին։

Ուզում ենք նաև նշել, որ մեր ձեռքի տակ ունենք բազմաթիվ ապացույցներ կապված այն բանի հետ, թե ինչպես է գլխավոր դատախազությունը քաղքապետի միջնորդությամբ արհեստական կերպով ստեղծում քրեական գործ:

Զրպարտանքների շարունակական բնույթի դեպքում մենք կսկսենք հրապարակել մեր ձեռքի տակ ունեցած բոլոր ապացույցները», - ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել