«Կովիդ 19-Հայաստան» փաստահավաք խմբի անդամները 5-րդ ալիքի եթերում ապատեղեկատվություն պարունակող պնդումներ են արել
21:26 - 21 ապրիլի, 2020

«Կովիդ 19-Հայաստան» փաստահավաք խմբի անդամները 5-րդ ալիքի եթերում ապատեղեկատվություն պարունակող պնդումներ են արել

Ապրիլի 16-ին՝ 5-րդ ալիք լրատվականի եթերում՝ լրագրող Ագնեսա Խամոյանի հաղորդման ժամանակ, «Կովիդ 19-Հայաստան» փաստահավաք խմբի անդամներ փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը մանիպուլյացիոն եւ ապատեղեկատվություն պարունակող պնդումներ են արել։ 

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, մասնավորապես, խոսելով գործող կառավարության՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար ձեռնարկած միջոցառումների մասին, անդրադառնում է կառավարության ներկայացրած նախագծին, որով հեռախոսային խոսակցությունների միջոցով հնարավոր վարակակիրների հետ կոնտակտավորներին տեղորոշելու հնարավորություն տրվեց իրավասու մարմնին։

Աթանեսյանը հարցազրույցի ժամանակ հայտարարում է, թե «Ընդունվեց հեռախոսները հսկելու մասին դրույթը, բայց չընդունվեց կառավարության որոշում, ավելի շուտ՝ ընդունվեց որոշում, որ այս նորմը գործում է, բայց չտարվեց Ազգային ժողով։ Նոր սահմանափակումը եւս պետք է ստանա ԱԺ-ի համաձայնությունը։ Հետեւաբար ամբողջ ինֆորմացիան, որ հավաքել են, ապօրինի է» (10։05-10։40)։

Փաստաբանն իր խոսքի այս հատվածում մի շարք կեղծ պնդումներ է կատարում։

Կառավարությունը չի ընդունել որեւէ դրույթ, որը չի արժանացել ԱԺ-ի հավանությանը, առանց օրենքի ընդուման ընթացակարգի որեւէ նորմ չի գործել։ 

Իրականում, ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթ։ Վերջինի համաձայն՝ հնարավորություն է տրվել ֆիքսել հեռախոսազանգերը՝ կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին գտնելու համար, տեղորոշել նրանց տեղադիրքն ու տեղաշարժը։

31.03.2020 թվականին հեռախոսների միջոցով անձանց տեղորոշման վերաբերյալ այս նախագիծն ընգրկվել է ԱԺ նստաշրջանի օրակարգ։ Նույն օրը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս հարցը զեկուցել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նույն արտահերթ նիստում նախագծերի փաթեթը  նախ ընդունվել է առաջին ընթերցմամբ, ապա՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է խորհրդարանի ընդունած օրենքները։ Ըստ այդմ՝ նախագիծն անցել է սահմանված ընթացակարգով, ԱԺ-ում քննարկվել է երկու ընթերցմամբ,  ապա, օրենսդրության համաձայն, այն ստորագրել է նախագահը։

Բացի այս՝ Աթանեսյանի ձեւակերպումը՝ «հեռախոսները հսկելու մասին դրույթ», եւս խնդրահարույց է, քանի որ դրանից տպավորություն է ստեղծվում, որ հսկողություն է սահմանվել բոլոր քաղաքացիների հեռախոսների վրա, այնինչ, իրավասու մարմինները բջջային օպերատորի տրամադրած տվյալների միջոցով հասանելիություն են ունենալու միայն հնարավոր վարակակրի շփման շրջանակին, եւ ոչ թե, պարզ ասած, սենյակում նստած հսկելու են բոլորի զանգերի ու հաղորդագրությունների շրջանակն ու այդ անձանց տեղադիրքերը։

Հաջորդիվ, ի պատասխան հարցին՝ ոստիկանությունն այդքան ռեսուրներ ունի՞, փաստաբանն ասում է«Երբ 2 տարի առաջ հայտարարվեց, որ վերջ, արդեն ամեն ինչ լավ է, ոստիկանության զորքերն ուղարկվեցին սահմանամերձ գոտի։ Ոստիկանության զորքերը ստեղծվել են այլ ֆունկցիաներ կատարելու համար, եւ եթե այդտեղ ծառայողը շատ էր ցանկանում գնալ սահման, կգնար ՊՆ՝ պայմանագրային զինծառայող։ Ոստիկանության զորքը ունի ոչ պակաս նշանակություն պատերազմի կամ աղետների ժամանակ, քան առաջնագծում գտնվող զորքը, որովհետեւ եթե թիկունքում չլինի կարգ ու կանոն, առաջնագծում էլ չի լինի։ Հիմա էդ խնդիրը կա, ո՞վ է հիմա պաշտպանելու կարգը, չեն հերիքում ոստիկանները» (22։03-23։25)։

Երեկ analitik.am կայքի լրագրողը վերոնշյալի մասին հարց ուղղեց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանին՝ վերջինիս ասուլիսի ժամանակ։ Մհրյանը չժխտեց, որ փողոցներում քաղաքացիների թիվն ավելացել է, սակայն ընդգծեց, որ ոստիկանությունը փորձում է աչալուրջ իրականացնել իր հիմնական եւ կորոնավիրուսի շրջանակներում առկա խնդիրները․

«Ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ում նույնպես՝ ոստիկանությունը չէր կարող կանխատեսել, որ նման համաճարակ կարող է լինել, եւ այդ պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը, ու ոստիկանությունը, բացի իր բուն գործառույթներն ու խնդիրները կատարելուց, այժմ կատարում է նաեւ հսկայածավալ աշխատանք՝ կապված պարետի ցուցումների հետ»,- ասաց փոխոստիկանապետը։

Իսկ փողոցներում քաղաքացիների թվաքանակի ավելացումը ոստիկանությունը կապում է այն հանգամանքի հետ, որ պարետի որոշումներով որոշակի տնտեսվարող սուբյետկների գործունեության ծավալի մեծացման պայմաններում քաղաքացիները գնում են աշխատանքի ու վերադառնում տուն։

Եթե համեմատենք, օրինակ, ԱՄՆ-ի հետ, այնտեղ ըստ Washington Post-ի՝ Բոստոն, Չիկագո, Չինչինատի, Դալլաս, Հյուսթոն, Մայամի, Մայամի Բիչ, Միլվուակի, Նաշվիլ, Նոր Օրլեան եւ Ֆիլադելֆիա շրջանների ոստիկանական բաժանմունքներում 100-ավոր ոստիկաններ են կորոնավիրուսով վարակվել՝ մարտի 29-ի դրությամբ։ Բացի այս՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով են վարակվել նաեւ հրշեջները, փրկարար ծառայության աշխատակիցները։ Նյու Յորքի ոստիկաններից մեկը հոդվածում նշում է, որ բոլորը ոստիկաններին մեղադրում են ճգնաժամի մեջ, սակայն պետք է հիշել, որ նրանք էլ մարդ են եւ անհանգստանում են իրենց ընտանիքների համար։ Այսինքն՝ առավել մեծ բնակչություն եւ, հետեւաբար, մեր պետությունից առավել շատ ոստիկանական ուժեր ունեցող Միացյալ նահագներում եւս համավարակի օրերին առկա է ոստիկանական ռեսուրսների խնդիր։

Շարունակելով այս պայմաններում ոստիկանության գործառույթների մասին թեման եւ անդրադառնալով կառավարության աջակցության ծրագրերին՝ 5-րդ ալիքի եթերում փաստահավաք խմբի մյուս անդամ Անի Հովհաննիսյանը հայտարարում է․ «Նույն այդ ծրագրերի մեջ ոստիկանների համար, ովքեր այս իրավիճակում որեւէ պարտականություն չունեին՝ իրենց առողջությունը վտանգելով ամեն օր փողոցում մոտենալ մարդկանց, չկա որեւէ առանձին միջոցառում» (23։55-24։16)։

Հովհաննիսյանի պնդումը, թե՝ այս իրավիճակում ոստիկանները մարդկանց մոտենալու պարտականություն չունեն, իրականությանը չի համապատախանում։ Ոստիկանության մասին ՀՀ օրենքի հոդված 16-ի 2-րդ մասի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ տարածքում կամ դրա առանձին մասերում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը: Իսկ ահա այս պայմաններում քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերն ու արտակարգ դրության ժամանակ տեղաշարժման ձեւաթղթերը ստուգելը կարանտին միջոցառումների մասն է։ 

Իսկ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի հոդված 9-ի 1-ին մասի համաձայն՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։ 2-րդ մասի համաձայն՝ Ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են արտակարգ դրության տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովման, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորման եւ նյութական արժեքների պահպանության նպատակով։

Այսպիսով, 5-րդ ալիքի եթերում փաստահավաք խմբի անդամներից Տիգրան Աթանեսյանը հնարավոր վարակակիրների կոնտակտավորներին հեռախոսների միջոցով տեղորոշելու նախագծի ընդունումը ներկայացրել է այնպես, իբրեւ խախտվել են ընթացակարգեր, եւ թե այն Ազգային ժողով չի տարվել, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Իսկ Անի Հովհաննիսյանի պնդումը, թե ոստիկանությունն այս իրավիճակում պարտավորություն չունի ստուգել քաղաքացիների տեղաշարժման թերթիկները, հակասում է օրենսդրությանը։

Արփի Ավետիսյան, Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել