Կորոնավիրուսից ևս երկու մահ` Իրանում |azatutyun.am|
15:43 - 23 փետրվարի, 2020

Կորոնավիրուսից ևս երկու մահ` Իրանում |azatutyun.am|

azatutyun.am: Իրանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է գրանցվել. Առողջապահության նախարարությունն այսօր հաղորդել է մահացած ևս երկու հիվանդների մասին` առանց մանրամասնելու` երբ և որտեղ են դրանք գրանցվել:

Ըստ այդմ, մահվան ցուցանիշով Իրանը երկրորդն է աշխարհում`Չինաստանից հետո: Միաժամանակ, հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակի ևս 15 դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, այս պահին իրանական հիվանդանոցներում բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 43 մարդ, 785-ն էլ կարանտինի մեջ են:

Ավելի վաղ առողջապահության նախարարը հայտնել էր, թե նոր վարակման դեպքերից երկուսը Թեհրանում են, ութը` Թեհրանից 120 կմ հարավ գտնվող Քոմ քաղաքում, որտեղ չինական մի ընկերություն արևային էներգիա արտադրող կայան է կառուցում: Մասնագետները չեն բացառում, որ վարակը Իրան է ներթափանցել ընկերության աշխատակիցների միջոցով, որոնք հաճախ են լինում հայրենիքում:

Կառավարությունը մի շարք քաղաքներում փակել է դպրոցները, համալսարաններն ու կինոթատրոնները, թատերական ներկայացումներն ու համերգները չեղարկվել են, ֆուտբոլային խաղերը կկայանան, բայց`առանց երկրպագուների: Օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Քուվեյթն ու Իրաքը դադարեցրել են չվերթների մեծ մասը Իրան, Վրաստանը խորհուրդ է տվել խուսափել այցելությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել