Կորոնավիրուսի պատճառով մայրաքաղաքի կանաչապատումն իրականացրել են նորաստեղծ ՀՈԱԿ-ի 400 աշխատակիցներից ընդամենը 120-ը |armtimes.com|
14:37 - 28 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի պատճառով մայրաքաղաքի կանաչապատումն իրականացրել են նորաստեղծ ՀՈԱԿ-ի 400 աշխատակիցներից ընդամենը 120-ը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանին որոշեց լուծարել 11 փակ բաժնետիրական ընկերություններ, որոնք գործում էին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում:

Ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2019 թվականի դեկտեմբերին «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստեղծմամբ:

Նորաստեղծ ՀՈԱԿ-ն է կենտրոնացնում կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի տրամադրած գումարները, դրանց տնօրինումը: Իսկ Երեւան քաղաքի կանաչապատման աշխատանքները քաղաքի համար կիրականացվեն նոր համալիր լուծումներով եւ միասնական մոտեցմամբ: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ ընկերությունների հետագա գործունեությունը դառնում է ոչ նպատակահարմար:

Երեւան քաղաքի ավագանին որոշեց լուծարել Երեւանի ենթակայության հետեւյալ փակ բաժնետիրական ընկերությունները՝

1. «Աջափնյակ կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն

2. «Ավան կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն

3. Արաբկիր համայնքի «Արաբկիր-Կամար» փակ բաժնետիրական ընկերություն

4. «Դավթաշենի կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն

5. Էրեբունի թաղային համայնքի «Վարդավառ զբոսայգի» փակ բաժնետիրական ընկերություն

6. «Կենտրոն կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն

7. «Նոր Նորք կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն

8. «Նուբարաշեն» փակ բաժնետիրական ընկերություն

9. Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի «Կանաչ բարձրունք» փակ բաժնետիրական ընկերություն

10. «Շենգավիթ կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն

11. «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերություն

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը դիտարկում արեց, որ տպավորություն է, թե կանաչապատում իրականացնող նորաստեղծ ՀՈԱԿ-ը միայն փողոցներում ու ակնհայտ երեւացող հատվածներում է աշխատանքներ իրականացնում, իսկ բակային տարածքներում կանաչապատում չի իրականացվում:

Նրա այս դիտարմանը արձագանքեց ավագանու մեկ այլ անդամ՝ նկատելով՝ ՀՈԱԿ-ի ռեսուրսները բավարար են, առաջիկայում կիրականացնեն նաեւ բակային տարածքները, քանի որ բավականին շատ աշխատակիցներ ունեն: Պարզապես նոր կորոնավիրուսի վտանգից ելնելով՝ այս պահին ՀՈԱԿ-ի 400 աշխատակիցներից աշխատում են ընդամենը 120 հոգին: Աշխատանքի ընդունված աշխատակիցների մեծ մասը 60-ից բարձր տարիք ունի:

Այնումենայնիվ, նա ընդգծեց, որ ունեն բավարար ռեսուրներ եւ առաջիկայում ավելի մանրակրկիտ աշխատանք են պատրաստվում իրականացնել:

Զաքարյանը նաեւ հարց հնչեցրեց, թե լուծարվող 11 ՓԲԸ-ների աշխատակիցները աշխատատեղ գտա՞ն, թե՞ գործազուրկ դարձան: Նրան արձագանքեցին, որ այդ 11 ընկերություններում մնացել էր մեկական աշխատակից, մնացածը, որոնք ցանկություն են հայտնել, տեղափոխվել են ՀՈԱԿ, այսինքն՝ խնդիրը լուծված է: Եվ բացի այդ, նորաստեղծ ՀՈԱԿ-ը բանվորների թափուր աշխատատեղեր ունի, եւ կարող են բոլոր ցնկացողները դիմել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել