Կորոնավիրուսի տնտեսական վնասներն էական կլինեն. նախարար |lragir.am|
13:38 - 03 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի տնտեսական վնասներն էական կլինեն. նախարար |lragir.am|

lragir.am: Դեռ վաղ է գնահատական տալ, թե այս տարի Հայաստանի տնտեսությունն ինչ վնասներ կկրի, բայց բնական է, որ կորուստները լինելու են էական։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ այս իրավիճակում բոլորս պետք է մտահոգված լինենք նրանով, որ որքան հնարավոր է քիչ առողջական վնասներ կրի հանրությունը։ «Ցավոք, 2020-ն այն տարին է, որ մենք պետք է զգույշ լինենք, որ քիչ տնտեսական վնասներ ունենանք, բայց պետք է նաև ընդունենք այն միտքը, որ առանց էական կորուստների չի լինելու»,- նշեց նա։

Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ հարցին, թե կան արդյոք հաշվարկներ՝ մարտ ամսին ՀՀ տնտեսությունն արդեն ինչքա՞ն վնաս է կրել։

«Մարտ ամսվա վերաբերյալ մենք ունենք որոշակի ցուցանիշներ, հարցում ենք կատարել մասնավոր հատվածի հատկապես այն կազմակերպությունների շրջանում, որոնք արդեն մարտի կեսից կամ ավելի շուտ տարբեր գործոնների ազդեցությամբ սահմանափակել են իրենց տնտեսական գործունեության ծավալները։ Դրանք թվով ավելի քան 1200 ընկերություններ են, որոնք մասնակցել են այդ հարցմանը։ Զգալի են այն ծավալները, որոնք կրճատվել են։ Տարվա համար դեռևս շուտ է գնահատականներ տալու համար, որովհետև կախված է այն հանգամանքից, թե մենք որքանով արագ կարող ենք կառավարելի դարձնել կորոնավիրուսի տարածման հետ կապված երևույթները կամ որքանով արագ կկարողանանք ազատականացնել գործունեության այն տեսակները, որոնք ներկայում սահմանափակված են։ Մենք կարծում ենք, որ այդ պահից սկսած, երբ արդեն հանրության համաձայնությամբ կգանք այն եզրակացության, որ կարող ենք աստիճանաբար հնարավորություն ստեղծել, որ կազմակերպությունները վերադառնան իրենց բնականոն կյանք, իրավիճակը կշտկվի»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ կառավարության կողմից գործարկվելու են նաև աջակցության նոր եղանակներ։ Կառավարությունում հույս ունեն, որ վերականգնումը պետք է տեղի ունենա շատ արագ՝ նաև ի շնորհիվ այդ աջակցության գործիքների, հավելեց Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել